Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Խորհրդակցությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, ՀՄԿ-ի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչներ։
Խորհրդակցություններին համընթաց առաջին անգամ կազմակերպվել է նաև կրթական էքսպո՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբավարների մասնակցությամբ, որոնք գործընկերների հետ կիսվել են իրենց առաջավոր փորձով: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը և մյուս մասնակիցները շրջել են թատրոնի դահլիճի նախասրահում բացված կրթական էքսպոյի տաղավարներով, ծանոթացել է մարզի աշակերտների նախագծային աշխատանքներին, զրուցել նրանց հետ:
Արաքսիա Սվաջյանը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է հանրակրթության ոլորտում նոր ուսումնական տարվան ընդառաջ կատարված փոփոխություններին, նոր դասագրքերին և ուսումնական պլաններին, պարտադիր խմբակներին, արտադպրոցական կրթության կարևորությանը, վերապատրաստումների և կարողությունների զարգացմանը, նախադպրոցական կրթությանը, կամավոր ատեստավորմանը, տարակարգերի տրամադրմանը, Գեղարքունիքի մարզի սովորողների՝ 2023-2024 թվականի ուստարվա ավարտական և միասնական քննության արդյունքներին և այլ հարցերի։
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, իր հերթին ողջունելով մասնակիցներին, հույս է հայտնել, որ նոր ուսումնական տարին հանրակրթական հաստատությունները կդիմավորեն առանձնակի ոգևորությամբ, նոր մոտեցումներով ու պահանջներով:
ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ներկայացրել է Գեղարքունիքի մարզի հանրակրթական 10 դպրոցում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները, իսկ ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը՝ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացի վերաբերյալ մանրամասներ։
Խորհրդակցության ընթացքում ներկաները ոլորտի պատասխանատուներին ուղղել են իրենց հուզող տարաբնույթ հարցեր: