ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես հաստատվել է որպես ԱՄՆ նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության թեկնածու: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունը նախատեսված է նոյեմբերին:
Չիկագոյում դեմոկրատների ազգային համագումարում Հարիսը հանդես է եկել ելույթով, խոստացել շարունակել Ուկրաինային օգնությունը։ Նա նշել է, որ ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո ջանքեր է գործադրել՝ միավորելու ավելի քան 50 երկրի ուժերը՝ աջակցելու Կիևին: «Եվ որպես նախագահ՝ ես ամուր կանգնելու եմ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների կողքին»,- ասել է Հարիսը:
ԱՄՆ փոխնախագահը նաև խոստացել է աջակցել Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքին: Նրա խոսքով՝ Սպիտակ տունն ամեն օր աշխատում է Գազայի հատվածում հրադադարի հաստատման և ՀԱՄԱՍ-ի գերեվարած պատանդներին վերադարձնելու ուղղությամբ: «Ես կերաշխավորեմ, որ հոկտեմբերի 7 այլևս չկրկնվի»,- շեշտել է Հարիսը, մտահոգություն հայտնել, որ հակամարտությունից անմեղ մարդիկ են տուժում և սովի մատնվում: Նա նաև հավատացրել է, որ կանի հնարավորը՝ պաշտպանելու Միացյալ Նահանգների ուժերն ու շահերը Իրանից և Իսլամական Հանրապետության աջակցությունը վայելող շարժումներից։