«Վրացական երազանքը» չի պատրաստվում Սահմանադրությունից հանել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մասին հոդվածը՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ավելի վաղ «Վրացական երազանքը» և կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էին, որ իրենց անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն ստանալ ապագա խորհրդարանում՝ նշելով մի քանի պատճառ, թե ինչու է դա կարևոր երկրի համար: Բացի Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և ԼԳԲՏ քարոզչության արգելքից՝ խոսքը Սահմանադրության փոփոխությունների մասին է՝ կապված երկրի տարածքային ամբողջականության հարցերի հետ։
«Միանշանակ կարող եմ ասել, որ խոսքը Սահմանադրությունից 78-րդ հոդվածը հանելու կամ այդ հոդվածը փոփոխելու մասին չէ, այլ ուրիշ բանի մասին, որի մասին կխոսենք ավելի ուշ, եթե համապատասխան խորհրդակցությունները հաջողությամբ ավարտվեն», – ասել է Կոբախիձեն։
Լրագրողի հարցին, թե արդյոք խոսքը պետության կառավարման համակարգի փոփոխության մասին է, Կոբախիձեն չի պատասխանել՝ կոչ անելով սպասել խորհրդակցությունների ավարտին: