Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներ Յոավ Գալանտը և Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց են ունեցել։ Իսրայելի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են իսրայելական և ամերիկյան ուժերի համատեղ պատրաստությունը «Իրանից ու լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումից եկող սպառնալիքների լույսի ներքո»:
Նշվում է, որ Գալանտը և Օսթինը համատեղ գնահատել են իրավիճակը, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և սպառնալիքների վերաբերյալ։ Իսրայելի պաշտպանության նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքի մասին, ինչպես նաև «ընդգծել է իսրայելական բանակի շարունակական գործողության կարևորությունը՝ մնացած ահաբեկչական ենթակառուցվածքի վերացման, ՀԱՄԱՍ-ի թունելների և զինված արմատականների ոչնչացման համար»:
Նշվում է, որ նախարարները նաև մանրամասն քննարկել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ ջանքերը: