Oգոստոսի 26-ին ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից ցանկացողները կարող են ձեռք բերել «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամներ երկու քաշային տարբերակներով՝ 3,11 գրամ (1/10 ունցիա) և 31,1 գրամ (1 ունցիա), ինչպես նաև «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամներ չորս քաշային տարբերակներով՝ 1 գրամ, 7,78 գրամ (¼ ունցիա), 15,55 գրամ (½ ունցիա) և 31,1 գրամ (1 ունցիա):
«Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամները, ինչպես նաև «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները ձևավորվել և հատվել են գերմանական «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանում:
«Գայգեր Էդելմետալե» դրամահատարանը թանկարժեք մետաղներից պատրաստված ձուլակտորների, ներդրումային դրամների, հուշադրամների արտադրությամբ զբաղվող, ինչպես նաև միջազգային շուկայում նշվածների վաճառքն իրականացնող առաջատար ընկերություններից մեկն է:
Հայաստանի Հանրապետության «Նոյյան տապան» ներդրումային դրամների թողարկումը և վաճառքը միջազգային շուկաներում «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանի կողմից սկսվել է 2011 թ.-ից՝ արծաթե, իսկ 2020 թ.-ից՝ ոսկե ներդրումային դրամներով:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամահատարանը լիազորված է ոչ միայն հատելու, այլև իրացնելու «Շառլ Ազնավուր-100» հուշադրամները և «Նոյյան տապան» ներդրումային դրամները եվրոպական, ամերիկյան, ավստրալիական թանկարժեք մետաղների ու դրամագիտական այլ շուկաներում:
Դրամահատարանի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի հումքը ձեռք է բերվում Լոնդոնի թանկարժեք մետաղների բորսայի (LBMA) կողմից հավաստագրված մատակարարներից:
2011 թ.-ից մինչ օրս «Նոյյան տապան» արծաթե և ոսկե տարբեր չափերով (1 գրամից մինչև 5 կիլոգրամ քաշով) թողարկված ներդրումային դրամները միջազգային շուկաներում իրացվել են 17 միլիոնը գերազանցող քանակով և շնորհիվ դրանց վրա արտացոլված համամարդկային թեմայի և յուրահատուկ ձևավորման, ուրույն տեղ են զբաղեցրել միջազգային ներդրումային շուկայում՝ մրցակցելով աշխարհում հայտնի այլ երկրների ներդրումային դրամների հետ:
Դիմերես՝ ՀՀ զինանշանը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները, անվանական արժեքը՝ «100 ԴՐԱՄ DRAM», թողարկման տարեթիվը՝ «2024», «1/10 Oz», «Au 999,9», արտադրողի ապրանքանիշը՝ «LEV»:
Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը և նոտաներ, «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ» և «CHARLES AZNAVOUR», «1924-2018» մակագրությունները:
Հուշադրամը ձևավորվել և հատվել է «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանում (Գերմանիա):