ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության նախագահ Թաթուլ Մովսիսյանը օգոստոսի 23-ին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի միջև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ կողմերը կհամագործակցեն նախարարության լիազորությունների և Պալատի գործառույթների շրջանակներում, որը կներառի իրազեկման աշխատանքներ նախարարության կարգավորման ներքո գտնվող ոլորտում իրականացվող քաղաքականության և նախատեսվող միջոցառումների վերաբերյալ, տեխնիկական բնույթի խորհրդատվություններ։
Պալատի կողմից կտրամադրվեն ոլորտային իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մեթոդական և նոր իրավական ակտերի նախագծերի մշակման օժանդակություն, ոլորտային խնդիրների վերաբերյալ վերլուծությունների իրականացում և այլն։
Նախաձեռնությունում առաջնայնություն կտրվի պետություն-մասնավոր հատված համագործակցությանը և այն նախաձեռնություններին, որոնք առավելագույն օգուտներ են ապահովում ոլորտում գործող տնտեսվարողների համար։