ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների ցանկը: Միաժամանակ, ուժը կորցրած է համարվել ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի մայիսի 18-ի N 780-Ա/2 հրամանը:
Հիշեցնենք, որ այս տարվանից սկսած՝ ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման արդյունքում որոշված մակարդակին համապատասխան: Կազմակերպությունը վերապատրաստում է իրականացնելու հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշչի և օրինակելի ծրագրին համապատասխան:
Ուսուցչի առարկայական գիտելիքի կարիքի բացահայտման դեպքում վերապատրաստումն իրականացնելու է ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատությունը, որի ծրագիրը պետք է երաշխավորվի նշված կարգի պահանջներին համապատասխան:
Նշենք, որ կազմակերպությունն իր գործունեությունը պետք է իրականացնի նախարարության սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշչին, ծրագրին և կազմակերպության կողմից մշակված վերապատրաստման թեմատիկ պլանին համապատասխան:
Կարգի համաձայն՝ ցանկում ընդգրկված կազմակերպությունն ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան` պարտավոր է ապահովել իր կողմից ձևավորված խմբերում ներգրավված հաստատությունների ուսուցիչների վերապատրաստումը:
Վերապատրաստում կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, որոնց կողմից ներկայացված մոդուլները հաստատվել են նախարարության կողմից: