Օգոստոսի 21-ին Գեղարքունիքի մարզ այցի շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Ազգային Ժողովի պատգամավոր Ալխաս Ղազարյանը Սևանում հանդիպել են Գեղարքունիքի և հարակից մարզերի կին ծառայողների հետ։
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, նրանք ներկաներից հետաքրքրվել են ծառայության ընթացքում ծագած խնդիրներով, լսել նրանց առաջարկությունները։
Արփինե Սարգսյանը ներկայացրել է կանանց ընդունելությանը խոչընդոտող հանգամանքների վերացման ուղղությամբ նախարարության օրենսդրական բարելավումների արդյունքները։
Հանդիպման մասնակիցները ողջունել են լավարկված բժշկական և ֆիզիկական պահանջները, այդ թվում՝ հասակին և քաշին ներկայացվող սահմանային շեմերի նվազեցումը, ինչը շատերին հնարավորություն է տվել համալրել ծառայության շարքերը։
Փոխնախարարը կիսվել է ոստիկանությունում ծառայության անցնելու չափորոշիչների միջազգային փորձով, անդրադարձել կին թեկնածուների տարիքին ներկայացվող սահմանային շեմի բարձրացման ուղղությամբ նախանշված լուծումներին։
Քննարկման առարկա դարձնելով կին ծառայողների բարձրացրած խնդիրները՝ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանն առաջարկել է հնարավոր լուծումներ, որոնք հետագայում կարող են օրենսդրական նախաձեռնությունների հիմք դառնալ:
Քննարկվել են ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչության, կարիերայի առաջխաղացման, կանանց ներկայացվածության խթանման և սոցիալական երաշխիքների բարելավման վերաբերյալ հարցեր։