Հայկական կոնյակը բրենդ է, և մենք ԵՄ ծրագրերից մեկի շրջանակում աշխատում ենք հենց Armenian brand-ի կայացման համար, և սա մեզ համար շատ թանկ է, և շատ փոքր մտածողություն կլինի, եթե մենք մեր գործողություններն այդ ծրագրի շրջանակներում սահմանափակեինք: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Իմ կարծիքով՝ մենք թերևս 2025 թվականից պետք է գնանք հետևյալ ճանապարհով. ցավոք, մինչ այդ Հայաստանում չենք ունեցել իզոտոպային լաբորատորիա, փորձենք այս ընթացքում այդ կարողությունը ստեղծել, եթե չհաջողվի, ապա կդնենք պարտադիր պահանջ եվրոպական երկրներում իզոտոպային լաբորատորիայի: Այսինքն՝ Հայաստանից եթե, օրինակ, որևէ կոնյակի սպիրտ կարտահանվի, կունենա լաբորատոր փորձաքննությամբ փաստաթուղթ, որ, օրինակ, շվեյցարական այսինչ իզոտոպային լաբորատորիայում այս տակառի կոնյակն անցել է փորձաքննություն, և ապացուցվում է, որ դա խաղողից ստացված կոնյակի սպիրտ է»,- ասաց Պապոյանը:
«Ես ուզում եմ նշել, որ մեր տնտեսական քաղաքականության նպատակն այնպիսին է, որ և՛ արտահանվող ապրանքների և ծառայությունների, և՛ Հայաստանում իրացվող ապրանքների և ծառայությունների որակը անընդհատ բարձրանա և լինի պատշաճ մակարդակի վրա, և մենք կարողանանք բոլոր երկրներում՝ և՛ Ռուսատսնաում, և՛ Միացյալ Նահանգներում, և՛ ԵՄ-ում, և՛ Մերձավոր Արևելքում վաճառել ապրանքներ, և մեզ նվազագույնը որակի հետ կապված հարցեր չհնչեն, իսկ հնչելու դեպքում մենք, որպես պատասխան, ցույց տանք միջազգային լաբորատորիաների փորձաքննության արդյունքները»,- ասաց Պապոյանը:
Արձագանքելով այն հարցին, թե ռուսական մամուլում հայկական կոնյակի մասին հնչող դժգոհությունների մեջ քաղաքական միտում տեսնո՞ւմ է, ասաց. «Ես էկոնոմիկայի նախարարն եմ, և իմ լիազորությունների շրջանակում պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի իմ նշած խնդիրները հենց այս մակարդակում լուծվեն»:
Նախարարը նշեց. «Ես վստահ եմ, որ երկիրը, որը գնում է որակի ստանդարտների շարունակական բարձրացման ուղղությամբ, պետությունը, որն իր տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին լրջորեն մտածում է, պետք է հզոր լաբորատոր կարողություններ կառուցի, և այդ նպատակով ուզում եմ նշել, որ 2024 թվականի պետական բյուջեով ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը ավելի քան մեկ միլիարդ դրամի լաբորատոր նորագույն սարքավորումներ է ձեռք բերելու, հաջորդ տարիների համար մենք ևս այդպիսի ծրագրեր կիրականացնենք, զուգահեռաբար, պետական հատվածին նաև մասնավոր հատվածն է զարգացնում լաբորատոր կարողությունները, որպեսզի մենք ոչ միայն որակի վերաբերյալ, այսպես ասած, ներքին համոզվածությամբ և վստահությամբ խոսենք, այլև անհրաժեշտության դեպքում որակի վերաբերյալ փաստաթղթեր լինեն: Եվ ուզում եմ նշել, որ արդեն իսկ այդ գործընթացը կա»:
Նա ասաց, որ մեր կոնյակի շատ մեծ տոկոսն արտահանվում է ՌԴ: «Այժմ իզոտոպային լաբորատոր փորձաքննություն մեր կոնյակը անցնում է, բոլորը, առանց բացառության, և անցնում է ՌԴ-ում, այսինքն՝ ՌԴ-ում կան այդպիսի կարողություններ, և մեր կոնյակն անցնում է այդ փորձաքննությունը, և չի կարող որևէ հայկական կոնյակ վաճառվել ՌԴ-ում առանց ռուսական իզոտոպային լաբորատոր փորձաքննության»,- նշեց նախարարը:
«Մեր ուղղությունը նա է, որ մեր ապրանքների որակը պետք է լինի բարձր, և մեզ տրվող ցանկացած հարցին մենք պետք է կարողանանք միջազգային լաբորատոր փորձաքննություններով պատասխանել»,- ասաց Գևորգ Պապոյանը:
Արձագանքելով այն հարցին, թե արդյոք հայկական կոնյակը խնդիր ունի՞՝ Պապոյանն ասաց.
«Երբ որ կլինի պաշտոնական արձագանք, մենք դա կքննարկենք, կպատասխանենք: Մենք այս պահին և՛ արտահանման, և՛ իրացման հետ կապված որևէ խնդիր չունենք, որևէ ահազանգ չենք ստացել, խնդիր եթե էս պահին բիզնեսը չի բարձրաձայնում, մենք էլ չենք տեսնում այդպիսի խնդիր»: