Հանրային խորհրդի կազմում կձևավորվի փաստահավաք գործունեություն իրականացվող հանձնաժողով, որը կուսումնասիրի ՀՀ-ում անկախությունից ի վեր՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թվականը ներառող ժամանակահատվածում, մարդու իրավունքների հիմնարար ու պարբերական խախտումները և դրանց վերաբերյալ կկազմի փաստահավաք զեկույց: Այս մասին Կառավարության՝ օգոստոսի 22-ի նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:
«Փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերն ու իրադարձությունները ներառելու են համապետական, ՏԻՄ ընտրությունների և հանրաքվեների կազմակերպումն ու անցկացումը, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, անձանց սեփականության իրավունքներից զրկելու այլ դրսևորումներ, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը, հավաքների ազատության իրավունքների խախտումների դեպքերը»,- ասաց նախարարի տեղակալը:
Հանձնաժողովն իր գործունեության արդյունքում կազմելու է միջանկյալ և եզրափակիչ զեկույցներ, որոնցից վերջինը կազմվելու է փաստահավաք հանձնաժողովի ամբողջ գործունեության և դրա արդյունքների ամփոփման նպատակով:
«Եզրափակիչ զեկույց փաստահավաք հանձնաժողովը պարտավոր է հրապարակել կազմավորումից հետո 2 տարվա ընթացքում, սակայն հնարավորություն ունի ևս մեկ տարով իր որոշմամբ երկարաձգելու այդ զեկույցը ներկայացնելու ժամկետը: Զեկույցը մշակվելուց հետո ներկայացվելու է Կառավարություն»,- ասաց նա:
Փաստահավաք հանձնաժողովը կազմված է լինելու 7 անդամից, որոնք ընտրվելու են Հանրային խորհրդի կողմից: Ներգրավվելու են մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող անձինք, որոնք իրենց ոլորտի հեղինակավոր մասնագետներ են, հանրային հեղինակություն ունեցող անձինք:
«Տվյալ անձինք երբևէ պետք է զբաղեցրած չլինեն քաղաքական պաշտոն, իրենց գործունեության ընթացքում պետք է դրսևորած լինեն քաղաքական չեզոքություն կամ զսպվածություն, ընդ որում՝ թեկնածու առաջարկվելու են հասարակական կազմակերպությունների կողմից»,- ասաց նա:
Փաստահավաք հանձնաժողովի ձևավորման գործընթացը հանրության համար ավելի վստահելի դարձնելու նպատակով օրենքի ուժով Հանրային խորհրդի գործող կազմը կցրվի, և կձևավորվի նոր խորհուրդ, որն էլ իր հերթին կձևավորի հանձնաժողովը: Նոր Հանրային խորհուրդը կձևավորվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
Ըստ Արմենուհի Հարությունյանի՝ փաստահավաք գործունեությունը մոտ է Հանրային խորհրդի գործունեությանը, ուստի առավել նպատակահարմար է փաստահավաք հանձնաժողովը ձևավորել հենց Հանրային խորհրդի կազմում:
«Սա նոր շունչ կհաղորդի Հանրային խորհրդի գործունեությանը, քանի որ գիտենք՝ տևական ժամանակ Հանրային խորհուրդն իր գործուենությունն արդյունավետորեն չի իրականացրել»,- ասաց նա:
Սա և՛ քաղաքական հանձնառություն է, և՛ անհրաժեշտություն՝ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ նկատելով, որ լինելու են քննադատություններ, թե սա ուշացած որոշում է, և որ այդ քննադատությունը ոչ օբյեկտիվ անվանել դժվար կլինի:
«Մենք փաստահավաք գործառույթ ունենալու քաղաքական կամքի հետ որևէ խնդիր չենք ունեցել, բայց այս վերջին 6 տարիների ընթացքում անընդհատ քննարկվել է, և ամեն անգամ ինստիտուցիոնալ բնույթի պրոբլեմներ են եղել, թե որ պետական կառավարման որ մարմնում ինչպես ձևավորվի, որտեղ լինի, և այդ հետաձգումը եղել է բացառապես սրա հետ կապված, որպեսզի նաև դրա աշխատանքի լեգիտիմության, սահմանադրականության հետ կապված խնդիրներ չառաջանան»,- ասաց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ հարցն առաջիկայում առավել մանրամասն կքննարկվի խորհրդարանում: