Ռուսական բանակը շարունակում է հրթիռակոծել Սումի քաղաքը և մարզի սահմանամերձ շրջանները։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Նրանց տվյալներով՝ օրվա ընթացքում շրջանում ավելի քան 240 պայթյուն է որոտացել։ Խաղաղ բնակիչների շրջանում կան վիրավորներ և զոհեր: Հրթիռակոծության հետևանքով տուժել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ նախատեսվում է Սումիի շրջանից տարհանել մոտ 45 հազար մարդու։ Այս մասին գրում է Укринформ-ը։ Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ հեռանալ չցանկացողներին կփորձեն համոզել, բայց բոլոր երեխաներին հանելու են տարածքից։ Իշխանությունները նշել են, որ մարդիկ հիմնականում կտեղավորվեն իրենց հարազատների և ընկերների մոտ, իսկ նրանք, ովքեր չունեն նման հնարավորություն, կտարհանվեն հարևան Պոլտավայի, ինչպես նաև Կիևի մարզեր։