Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտը։ Օգոստոսի 21-ի նիստում համապատասխան փոփոխությունների ընդունմանը կողմ է քվեարկել 281 պատգամավոր, մեկ պատգամավոր դեմ է եղել, 22-ը՝ ձեռնպահ, իսկ 24-ը չեն քվեարկել: Ուկրաինան Հռոմի ստատուտը ստորագրել էր 2000 թվականին, սակայն չէր վավերացրել։
Փաստաթուղթն ընդունվել է վերապահումով, ըստ որի՝ վավերացումից հետո 7 տարվա ընթացքում Կիևը չի ճանաչի դատարանի իրավազորությունն իր քաղաքացիների նկատմամբ՝ ռազմական հանցագործությունների գործերով, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իրինա Մուդրայան հայտնել է, որ Հռոմի կանոնադրության վավերացումն Ուկրաինային թույլ կտա դառնալ Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ, այդ թվում՝ առաջադրել իր թեկնածուներին դատարանի դատավորների և դատախազի պաշտոնների համար, մասնակցել դատավորների ընտրություններին և արդյունավետ համագործակցել ՄՔԴ-ի հետ:
Հռոմի ստատուտի վավերացումը թույլ կտա նաև պատասխանատվության ենթարկել պատերազմական հանցագործություններ կատարած ռուս զինծառայողներին:
Հռոմի ստատուտի վավերացումը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով Կիևի ստանձնած պարտավորություններից է։ Այն նաև Ուկրաինայի Նիդերլանդների և Գերմանիայի հետ անվտանգության համաձայնագրերի կետերից մեկն է: