Ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ արձագանքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, նշելով, թե իբր Երևանն ուրիշներին է մեղադրում սեփական ռազմավարական սխալ հաշվարկների համար:
«Երկաթուղային հաղորդակցության մեկնարկի շուրջ վերջնական պայմանավորվածություններ չհաջողվեց ձեռք բերել սահմանային հսկողության հարցերում հայկական կողմի անզիջում դիրքորոշման պատճառով: Երևանը հեռացել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի ավելի վաղ համաձայնեցված պայմանավորվածություններից և սկսել է պնդել փոխադարձության սկզբունքը՝ պահանջելով ռուս սահմանապահների ներկայությունը նաև ադրբեջանական կողմում»,- նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը դժգոհել է, որ հայկական կողմը փաստացի սառեցրել է մասնակցությունը համատեղ եռակողմ աշխատանքային խմբին: Նրա խոսքով՝ Երևանը բաց է թողնում ոչ միայն իր հարևանների հետ տրանսպորտային հաղորդակցություն հաստատելու, այլև ամբողջ տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը նպաստելու հնարավորությունը։