ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հիմնավորվել է մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված 53 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներից առանձնապես խոշոր չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոցի՝ իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձի դրվագը:
Քննիչների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ իրականացված համակարգված միջոցառումների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք մանրամասներ, այդ թվում՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, հանցավոր շղթայում ներգրավված անձանցից ևս երկուսի ինքնությունը, որոնցից մեկը ԻԻՀ քաղաքացի է, մյուսը՝ Երևան քաղաքի 23-ամյա բնակիչ:
Քննությամբ հիմնավորվել է, որ ԻԻՀ քաղաքացին, շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, նախնական համաձայնություն է ձեռք բերել ի թիվս այլոց՝ նաև տելեգրամյան էջի օգտատիրոջ և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ։ Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նա ապահովել է ՀՀ պետական սահմանով մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով մարիխուանա և այլ տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխումը ՀՀ տարածք:
Այնուհետև ԻԻՀ քաղաքացին Հայաստանում բնակվող իր ծանոթին հայտնել է իր հանցավոր մտադրության մասին և թմրամիջոցներն այլ վայր տեղափոխելու, տարբեր թաքստոցներում տեղադրելու, տեղադրման վայրերը լուսանկարելու և դրանք իրեն ուղարկելու համար խոստացել և տրամադրել է դրամական աջակցություն՝ այդ կերպ շահագրգռելով վերջինիս:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացին վերը նշված եղանակով ՀՀ ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 1 կգ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը նրա հանձնարարությամբ հիշյալ ծանոթը տեղադրել է թաքստոցում և տեղադրման վայրի լուսանկարները ուղարկել նրան:
Վերջինս իր հերթին ստացված լուսանկարներն ուղարկել է խմբի կազմում ընգրկված անձանց, այդ թվում՝ տելեգրամյան մի էջի օգտատիրոջ, ով իր հերթին դրանք ուղարկել է Երևան քաղաքի 23-ամյա բնակչին: Վերջինս, ստացված լուսանկարներից պարզելով թմրամիջոցի թաքստոցի գտնվելու վայրը, մեկնել է այնտեղ, հայտնաբերել տեղադրված թմրամիջոցի փաթեթները և փորձել է վերցնել դրանք, սակայն ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևան քաղաքի 23-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց՝ վերջինիս նկատմամբ կիրառվել է կալնավորումը:
23-ամյա երիտասարդի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
ՔԿ հաղորդագրությունում նշված է, որ ԻԻՀ նշված քաղաքացու կողմից մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված շուրջ 53 կգ թմրամիջոցներին առնչվող քրեական վարույթից անջատվել և արդեն իսկ դատարան է ուղարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր շղթայում ներգրավված 8 անձի վերաբերյալ քրեական մի քանի վարույթ։ Դրանցից միայն մեկով հիմնավորվել էր իրացման նպատակով ընդհանուր 43 կգ չափով տարբեր թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձը։
Հանցավոր շղթայում ընդգրկված մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: