Նոր ուսումնական տարվան ընդառաջ այսօր Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Խորհրդաժողովին մասնակցել են նաև Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, ՀՄԿ-ի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչներ։
Նախքան խորհրդաժողովի մեկնարկը՝ նախարարի տեղակալը շրջել է Շիրակի մարզի կրթական էքսպոյի տաղավարներով, ծանոթացել դպրոցականների նախագծային աշխատանքներին: Աշակերտներն ընդգծել են՝ նախագծային աշխատանքների շնորհիվ ուսումնառությունն իրենց համար ավելի հետաքրքիր է դարձել, սովորել են թիմային աշխատանքին, տարբեր գիտելիքներ ու հմտություններ ծառայեցրել մեկ նպատակի: Ուսուցիչները ևս փաստել են՝ թեև ի սկզբանե որոշակի վերապահումով են մոտեցել նախագծային աշխատանքներ իրականացնելու պահանջին, բայց ընթացքում իրենց սաների ունակությունները նորովի են բացահայտել, արձանագրել, թե ինչպիսի ոգևորությամբ են նրանք ուսումնասիրում տարբեր թեմաներ, դրսևորում նախաձեռնողականություն և ստեղծագործական մոտեցում:
Նոր դասագրքերի և ուսումնական պլանների մասին
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ այս տարի հայտարարված դասագրքերի մրցույթում բավականին լավ արդյունքներ են գրանցվել, սակայն, այդուհանդերձ, որակական առումով դեռ աշխատելու տեղ կա: Դասագրքերն արդեն տպագրվել են. մի մասն առաքվել է դպրոցներ, մյուս մասը՝ առաքման փուլում է:
«Այնուամենայնիվ, կան առարկաներ, որոնց պարագայում նոր դասագրքեր չեն տպագրվել, քանի որ կա՛մ հայտարարված մրցույթին չեն ներկայացվել, կա՛մ՝ որակապես շատ թույլ են եղել՝ չեն համապատասխանել չափորոշչի պահանջներին, և ԿԳՄՍՆ-ի կողմից չեն երաշխավորվել: Խոսքը հիմնականում օտար լեզուների դասագրքերին է վերաբերում: Այդ առարկաների ուսումնական գործընթացը կկազմակերպվի հին դասագրքերով և առկա ուսումնական նյութերով»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:
Օրինակ՝ «Հայաստանի պատմություն-10» առարկայի համար պատրաստվում են ուսումնական նյութեր, որոնք կբաժանվեն դպրոցներին, իսկ սեպտեմբերի սկզբին եռօրյա դասընթացներ կկազմակերպվեն պատմություն դասավանդող շուրջ 1500 ուսուցիչների համար: Նախարարի տեղակալն ընդգծել է՝ աստիճանաբար պետք է հրաժարվել ավագ դասարաններում մեկ դասագրքով ուսումնական գործընթացը կազմակերպելուց. ուսուցիչներին պետք է խրախուսել ուսումնական թղթապանակներ վարել:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև ուսումնական պլանի ձևաչափի փոփոխությանն ու թեմատիկ պլաններին:
«Նախորդ տարի դպրոցների ֆինանսավորման ժամանակ լուրջ խնդիրների բախվեցինք, քանի որ շատ դպրոցներ ճիշտ չէին լրացրել ուսումնական պլանը, ինչի հետևանքով ֆինանսավորումը սխալ էր ձևավորվում: Այժմ ուսումնական պլանները դարձրել ենք ըստ դասարանների: Չափորոշիչը հնարավորություն է տալիս ուսումնական պլանը ձևավորել այնպես, ինչպես դպրոցն է ցանկանում: Կարևոր է նաև, որ անհատական բաղադրիչը ևս ուսումնական պլանում արտացոլված լինի: Ինչ վերաբերում է թեմատիկ պլաններին, ապա դրանք լրացնելն այս տարվանից պարտադիր է լինելու, որովհետև ԿԶՆԱԿ-ի կողմից բոլոր դասարանների բոլոր առարկաների համար ստեղծվել են թեմատիկ պլանների ձևանմուշներ: Ուսուցիչը երեք տարբերակ ունի՝ կա՛մ ինքն է իր առարկայի համար թեմատիկ պլան մշակում, կա՛մ վերցնում է ԿԶՆԱԿ-ի գրած թեմատիկ պլանն ու այն պահպանում, կա՛մ ԿԶՆԱԿ-ի գրած թեմատիկ պլանում կատարում է փոփոխություններ՝ ըստ իր ցանկության»,- ներկայացրել է Արաքսիա Սվաջյանը:
Պարտադիր խմբակների մասին
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև Հանրակրթության պետական չափորոշչի պարտադիր բաղադրիչ հանդիսացող խմբակների գործունեությանը և նշել՝ դրանք պետք է իրենց էջն ունենան էլեկտրոնային մատյաններում, ինչպես նաև թեմատիկ պլանավորումը: Նախարարի տեղակալը հորդորել է պարտադիր խմբակներ երեխաների հաճախելիության հաշվառումն իրականացնել էլեկտրոնային մատյաններում. «Պարտադիր խմբակների գործունեությունը պետք է արդյունավետ ու պատշաճ իրականացվի»:
Նախարարի տեղակալն իր ելույթում ամփոփել է նաև Շիրակի մարզի կրթական տարվա արդյունքները և ներկայացրել միասնական քննությունների և բուհերի ընդունելության վիճակագրությունը:
Արաքսիա Սվաջյանը նաև շնորհակալագրեր է հանձնել չափորոշչի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում լավագույնը ճանաչված տնօրեններին և ուսուցիչներին։ Նա շնորհակալություն է հայտնել նախաձեռնողականության և մասնակցության համար և հույս հայտնել, որ ապագայում ավելի շատ մանկավարժներ կմասնակցեն նախագծին: «Յուրաքանչյուր օղակի աշխատանքը շատ մեծ ազդեցություն ունի ընդհանուր համակարգի արդյունավետ աշխատանքի վրա, ուստի ձեր ներդրած ջանքերն անփոխարինելի են»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Արտադպրոցական կրթության կարևորության մասին
«Կրթական տարբեր մակարդակներում կրթության որակի փոփոխությանն ուղղված տարբեր ծրագրեր են իրականացվում, և շատ կարևոր է, որ բոլոր օղակներն իրար լրացնեն: Արտադպրոցական կրթությունը հենց այդ լրացնող օղակներից է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ շատ հաճախ դպրոցական կրթության հետ կապը ձևավորված չի լինում, ինչն առաջնային խնդիր է:
Կրթության որակի փոփոխության կարևոր գործոններից մեկը, ըստ Արաքսիա Սվաջյանի, արտադպրոցական ուսումնական հաստատությունների ծրագրերն են, որոնք ոչ բոլոր հաստատություններն ունեն: Նախարարի հրամանով հաստատվել է նաև այդ հաստատությունների խմբակի ծրագրի ձևաչափը: Արաքսիա Սվաջյանը հորդորել է խնդիրների դեպքում դիմել ԿԶՆԱԿ-ի փորձագետներին՝ աջակցության նպատակով:
«Ոլորտում չկարգավորված մի շարք գործընթացներ կան, որոնցից է՝ կանոնադրության բացակայությունը: Մշակվել է օրինակելի կանոնադրության ձև, որն առաջիկայում Կառավարության կողմից կհաստատվի: Ուսումնական հաստատությունը կարող է այն համապատասխանեցնել՝ ըստ կառույցի առանձնահատկության»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Կարգավորման ենթակա են նաև պաշտոնի անձնագրերն ու աշխատակիցների գործառույթների հստակեցումը: Ըստ նախարարի տեղակալի՝ առանձին մշակվել են պաշտոնի անձնագրեր սպորտի ու արվեստի դպրոցների համար՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները: Նախատեսվում է նաև մշակել վարչական աշխատողների պաշտոնի անձնագրեր:
Վերապատրաստումների և կարողությունների զարգացման մասին խոսելիս Արաքսիա Սվաջյանը նշել է, որ մշակվում են վերապատրաստման ծրագրեր՝ բարձրացնելու թե՛ աշխատանքի արդյունավետությունը, թե՛ աշխատավարձերը: Այս համատեքստում նա անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին, իրականացված փոփոխություններին, մասնագիտական ոլորտների ընդլայնմանը և ըստ այդմ՝ մասնակցության բարձրացմանը:
«Արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների համար ևս կամավոր ատեստավորումն անցկացվում է թեստի ձևաչափով, բայց ելնելով առանձնահատկություններից՝ խնդիրներ ենք տեսնում: Օրինակ՝ շատ մարզիչներ, որոնք գործնական արդյունքներ են գրանցում, թեստերի հետ կապված դժվարությունների են հանդիպում: Մեր խնդիրն է՝ խրախուսել նման մասնագետներին, ոչ թե խոչընդոտներ ստեղծել: Մտածում ենք հաջորդ տարի համակցված ձևաչափով անցկացնել կամավոր ատեստավորումը՝ ներառելով և՛ թեստային, և՛ գործնական առաջադրանքներ»,- իրազեկել է Արաքսիա Սվաջյանը: Նա անդրադարձել է նաև ուսումնաօժանդակ ձեռնարկների խնդրին և նշել, որ աշխատանքներ են իրականացվում դրանք աստիճանաբար մշակելու ուղղությամբ:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասին
Շիրակի մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նախ անդրադարձել է նոր չափորոշչին, որն այս տարի ներդրվել է ևս 352 հաստատությունում՝ գումարվելով նախորդ տարվա 190 հաստատությանը: Նրա խոսքով՝ չափորոշչի ներդրման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար 190 նախադպրոցական ուսումնական հաստատություններից առավել ակտիվ գործունեություն ծավալողներից ընտրվել են 23 մենթոր հաստատություններ, որոնց ցանկում ընդգրկված շուրջ 70 մասնագետներ վերապատրաստվել են ԿԶՆԱԿ-ի կողմից:
Նախարարի տեղակալը նաև նշել է՝ շարունակվելու են պետության կողմից իրականացվող պարտադիր վերապատրաստումները: Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ 2024 թվականի սեպտեմբերի մեկից պետության կողմից նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների որոշ խմբերի ֆինանսավորման ծրագրում կընդգրկվեն նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ 2024/2025 ուսումնական տարում հանրապետության 10 նախադպրոցական հաստատություններում կգործարկվեն մսուրի ծառայություններ: 9 հաստատություններում կգործեն 12-24 ամսական երեխաների խմբեր, իսկ մեկում փորձնական կգործեն 6-12 ամսական երեխաների խմբեր:
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների լիցենզավորմանն ու տնօրենների հավաստագրմանը: Մասնավորապես՝ այս տարի ԿԳՄՍ նախարարությունն արդեն երեք անգամ իրականացրել է տնօրենների հավաստագրման գործընթաց, որին բավական ակտիվ մասնակցություն է գրանցվել: Արաքսիա Սվաջյանը նաև անդրադարձել է օրենսդրական փոփոխությունների նախագծին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մշտապես առկա է մանկավարժական աշխատողների պակաս: Փոփոխության նախագծով նախատեսվում է՝ դպրոցների համանմանությամբ կընտրվեն որոշակի մասնագիտություններ, որոնց դեպքում մասնագետները կկարողանան համապատասխան հաստատություններում ստանալ կրեդիտներ և չլինելով կոնկրետ նախադպրոցական մանկավարժ՝ հնարավորություն կունենան մասնակցելու մրցույթներին:
Խորհրդակցության ընթացքում ներկաները ոլորտի պատասխանատուներին ուղղել են իրենց հուզող հարցերը, բարձրաձայնել առկա խնդիրները: