Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Արևմտյան Նեղոսի տենդի հետ կապված առողջապահության նախարարությունը առողջապահական համակարգի զգոնությունը բարձրացրել է դեռ հուլիսի վերջից:
«1 տարի շարունակ միջատների շրջանում հետազոտությունների արդյունքում` այս տարվա հուլիսի վերջին Առողջապահության նախարարության համար Արագածոտնի մարզում 5 մոծակի մեջ հայտնաբերված Արևմտյան Նեղոսի տենդի հարուցիչը եղել է ահազանգ, որ կարող են դեպքեր գրանցվել նաև մարդկանց շրջանում:
Անմիջապես կապ է հաստատվել Երևանի և մարզերի բուժկենտրոնների հետ, օպերատիվ կերպով իրազեկում է եղել բուժաշխատողների շրջանում, որ նման կլինիկական պատկերով հիվանդների դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել Արևմտյան Նեղոսի տենդի վարկածը և ուղղորդել հետազոտության:
Օգոստոսի 7-ին` առաջին դեպքը գրանցվելուց հետո, նախարարությունը կրկնահաստատման հետազոտություն է արել, և արդեն օգոստոսի 12-ին իրազեկել բոլոր բուժկենտրոններին, մարզպետարաններին` զգոնության բարձրացման անհրաժեշտության մասին:
Քննարկումներ են եղել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես արձանագրել են ամբողջ աշխարհում այս հիվանդության դեպքերի աճի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ: