Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հարցերին՝ 6-ամսյա մասնագիտական ուսուցման վերաբերյալ, որն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ:
Որպեսզի ստանամ մասնագիտական ուսուցում և տեղավորվեմ աշխատանքի, ի՞նչ պայմանների պետք է բավարարեմ և որքա՞ն աջակցություն կստանամ։
Ծրագրից կարող են օգտվել 2023 թ․ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր հաշվառված են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում, ունեն գործազուրկի կարգավիճակ և վերջին մեկ ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող։ Ծրագրի շրջանակում շահառուին կտրվի ամսական առավելագույնը 50.000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցման համար և 50.000 դրամի չափով կրթաթոշակ։
Ի՞նչ հաստատություններ կարող եմ դիմել մասնագիտական ուսուցման ձեռքբերման համար։
Ծրագրի շրջանակում շահառուի համար կազմակերպվում է կարճաժամկետ ուսուցման դասընթաց (շարունակական մասնագիտական զարգացում) թափուր աշխատատեղ ներկայացրած գործատուի մոտ կամ գործատուի կողմից առաջարկվող ուսումնական հաստատությունում։
Արդյոք կարող եմ ստանալ բուհական կրթություն՝ այս ծրագրի շրջանակում։
Ո՛չ, ծրագրի շրջանակում կարող եք ստանալ միայն կարճաժամկետ ուսուցում։
Ինչպե՞ս կարող եմ դիմել ծրագրից օգտվելու համար։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության՝ ձեր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն (հասցեները՝
https://socservice.am/offices)։
Ի՞նչ մասնագիտություն կարող եմ ստանալ այս ծրագրի շրջանակում։
Ծրագրի շրջանակում կարող եք ստանալ գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի նկատմամբ պահանջներին համապատասխանող ցանկացած մասնագիտություն, որը կարելի է ձեռք բերել կարճաժամկետ (մինչև 6 ամիս տևողությամբ) ուսուցման դասընթացների միջոցով։
Եթե առկա ուսուցմամբ սովորում եմ բուհում, կարո՞ղ եմ օգտվել ծրագրից ու այլ մասնագիտություն ձեռք բերել։
Ո՛չ, քանի որ ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցմամբ սովորողները, Զբաղվածության մասին օրենքի համաձայն, համարվում են զբաղված անձինք, իսկ ծրագիրն իրականացվում է գործազուրկ անձանց համար։