ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 17-20-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին և դրա աշխատանքներում Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությանը։
Զարեհ Սինանյանը գոհունակությամբ ընդգծել է, որ առաջիկա գագաթնաժողովը մեծ հետաքրքրություն է առաջացրել Ֆրանսիայի հայ համայնքի շրջանում։ Ըստ նրա՝ ֆրանսահայերը շարունակում են ակտիվ մասնակցություն ունենալ գրասենյակի առանցքային ծրագրերին և տարբեր նախաձեռնություններին։
Հանդիպմանը քննարկվել են նաև ֆրանսահայությանը, երկու պետությունների միջև համագործակցության տարբեր ձևաչափերում նրանց ներգրավմանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաներին առնչվող այլ հարցեր։