Չիկագոյում տեղի է ունեցել Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը: ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, որը հաստատվել է որպես նախագահի թեկնածու, ներկա է եղել համագումարին և հանդես եկել նախապես չհայտարարված ելույթով: Նա շնորհակալություն է հայտնել ներկայիս նախագահ Ջո Բայդենին ԱՄՆ-ին ծառայելու և նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությանն իր թեկնածությանն աջակցելու համար: Հարիսը խոստացել է հաղթել իր հակառակորդին՝ Դոնալդ Թրամփին:
Համագումարին ելույթով է հանդես եկել նաև Ջո Բայդենը: Նա, դիմելով Հարիսին, հայտարարել է՝ «դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»:
Բայդենը կրկնել է 2020 թվականի ուղերձը, որ դեմոկրատները «կռիվ են մղում Ամերիկայի ոգու համար» և համոզմունք հայտնել, որ Հարիսը և փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլզը լավագույնս կառաջնորդեն այդ պայքարը: Սպիտակ տան ղեկավարը նաև հիշեցրել է նախագահի պաշտոնում իր ձեռքբերումները և քննադատել Թրամփին ու նրա վարած քաղաքականությունը, այդ թվում ռուս-ուկրաինական կարգավորման հարցում:
Դեմոկրատների համագումարն ուղեկցվել է զանգվածային ակցիայով: Ցուցարարները պահանջել են ջանքեր գործադրել՝ վերջ տալու Գազայի հատվածում հակամարտությանը և չզինել Իսրայելին: Որոշ քաղաքացիներ փորձել են մուտք գործել համագումարի անցկացման տարածք, նրանք բերման են ենթարկվել: