Ռուսաստանը ուրախ կլինի, եթե կարողանա ինչ-որ բան անել խաղաղության համաձայնագրի կնքման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանը սահմանազատելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ նեղ ձևաչափով բանակցություններից առաջ։
«Եթե մենք կարողանանք ինչ-որ բան անել, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրվի, լուծվի սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցը, ապաշրջափակվեն հաղորդակցությունները և տնտեսական կապերը, շատ ուրախ կլինենք դրա համար», - ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նշել է, որ տեղյակ է, որ Ադրբեջանը նպատակադրված է բոլոր ընթացակարգերն ավարտին հասցնել և հասնել ամբողջական կարգավորման:
ՌԴ նախագահը նաև ասել է, որ Մոսկվան պատրաստ է մասնակցել Բաքվի ու Երևանի միջև կարգավորմանն այնքանով, որքանով երկու կողմերը կցանկանան։
«Բոլորին քաջ հայտնի է, որ Ռուսաստանը նույնպես բախվում է ճգնաժամերի, այդ թվում՝ առաջին հերթին, ուկրաինական ուղղությամբ։ Սակայն Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում ընդգծում է այստեղի իրադարձություններին մեր մասնակցության անհրաժեշտությունը՝ իհարկե, այնքանով, որքանով դա կցանկանան կողմերը»,- ասել է Պուտինը։