Հունգարիայի կողմից ՌԴ և Բելառուսի քաղաքացիներին ազգային քարտերի տրամադրումը ոչ մի վտանգ չի ներկայացնում Շենգենյան գոտու անվտանգության համար։ Այս մասին վստահեցրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
Ըստ դիվանագետի՝ ռուսներն ու բելառուսները «մանրազնին ստուգումների են ենթարկվելու Հունգարիա մտնելիս և այնտեղ մնալու ժամանակ»:
Հուլիսի 30-ին Financial Times-ը և Reuters-ը հրապարակել էին Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահի նամակը՝ ուղղված Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին:
Մանֆրեդ Վեբերի խոսքով՝ հունգարական նոր կանոնները կարող են «լրտեսական գործունեության հնարավորություն ստեղծել, ինչը լուրջ վտանգ է ազգային անվտանգության համար»։ «Այս քաղաքականությունը կարող է նաև հեշտացնել ռուսների տեղաշարժը Շենգենյան գոտում՝ շրջանցելով ԵՄ օրենսդրությամբ պահանջվող սահմանափակումները», - պնդել է Վեբերը:
ԵԺԿ նախագահը Շառլ Միշելին կոչ է արել այդ հարցը բարձրացնել հոկտեմբերին կայանալիք ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում։
Բուդապեշտն պնդում է, որ խոսքը աշխատանքի և կացության թույլտվության մասին է, որը գործելու է միայն Հունգարիայի տարածքում։ Այն տրվում է Հունգարիայում երկու տարի աշխատել ցանկացողներին՝ երկարաձգման հնարավորությամբ։ Հունգարիայի իշխանություններն այս կերպ ցանկանում են ներգրավել որակավորված աշխատուժ։ Նոր կանոնները պայմանավորված են նախևառաջ նոր ատոմակայանի կառուցման հետ, որն իրականացնելու է ռուսական «Ռոսատոմ» կորպորացիան։