Նոր ուսումնական տարվան ընդառաջ Տավուշի մարզից այսօր մեկնարկել են 2024-25 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների մասնակցությամբ:
Խորհրդակցությունները վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, ՀՄԿ-ի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչներ։
Խորհրդակցություններին համընթաց առաջին անգամ կազմակերպվել է նաև կրթական էքսպո՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբավարների մասնակցությամբ, որոնք գործընկերների հետ կիսվել են իրենց առաջավոր փորձով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը էքսպոյի շրջանակում ծանոթացել են Տավուշի մարզի աշակերտների նախագծային աշխատանքներին, զրուցել նրանց հետ:
Տավուշի դպրոցներում փորձարկվեց ավարտական քննությունների նոր ձևաչափը
Ողջունելով օգոստոսյան խորհրդակցության մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և նշել՝ խորհրդակցությունները Տավուշի մարզից մեկնարկելը պատահական չէ. «Արդեն չորրորդ տարին է՝ Տավուշի մարզում իրականացնում ենք մեր ամենակարևոր բարեփոխումներից մեկը՝ Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկումն ու ներդրումը: Նախորդ ուսումնական տարին մեզ համար շատ կարևոր էր, քանի որ Տավուշի մարզի դպրոցներում ձեզ հետ միասին առաջին անգամ փորձարկեցինք պետական ավարտական քննությունների նոր ձևաչափը: Չափորոշչի ներդրման հետ կապված բոլոր նոր գաղափարներն ու մոտեցումները առաջինն են փորձարկվում Տավուշում, իսկ դա նշանակում է՝ մեզ հետ միասին դուք անցնում եք դժվարությունների միջով: Երբ այստեղ փորձարկված գաղափարները սկսում ենք կիրառել մյուս մարզերում և Երևանում, բնականաբար, Տավուշի փորձն ու արդյունքը օգնում են հաղթահարել ծագող խնդիրները։ Մեծ ծավալի ջանքեր են ներդրվում Տավուշի բոլոր դպրոցների կողմից, որպեսզի այս շատ կարևոր բարեփոխումը հասնի իր հանգրվանին ու ամուր հիմք հանդիսանա մյուս բոլոր դպրոցների համար»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել գործադրած ջանքերի և համատեղ աշխատանքի համար:
Խորհրդակցությունների նոր ձևաչափի մասին
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև խորհրդակցությունների նոր ձևաչափին՝ ընդգծելով, որ դրանց տրվել է կրթական նոր բովանդակություն. «Ցանկանում ենք նոր ուսումնական տարվան ընդառաջ ներկայացնել նախորդ ուստարվա կրթական գործընթացի արդյունքը և մեր դպրոցներում իրականացվող օրինակելի աշխատանքը: Ուրախ եմ, որ հենց սովորողներն են ներկայացրել իրենց նախագծային աշխատանքները. սա ևս մեկ անգամ մեզ հիշեցնում է՝ խոսելով դպրոցների մասին՝ առաջին հերթին անդրադառնում ենք մեր երեխաներին և նրանց կրթության որակի բարելավմանը: Սովորողները վստահաբար ձեռք են բերել մի քանի կարևոր հմտություն՝ գիտեն կարճ ժամանակում խոսել կարևորի մասին, հասկանալի և պարզ ձևով փոխանցել միտքը, ինչը հանրակրթության պետական չափորոշչի կարողությունների կարևորագույն բաղադրիչներից է: Դպրոցականները նաև կարողանում են կիսել աշխատանքը, աշխատել թիմում ու նաև ամենատարբեր հմտություններ կիրառել մեկ թեմայի շուրջ աշխատելիս, ինչպես նաև տարբեր բնագավառների վերաբերյալ իրենց գիտելիքներն ու հմտություններ համադրելով՝ ներկայացնել մեկ միասնական արդյունք»:
Այս տարի առաջին անգամ, բացի դպրոցների և մանկապարտեզների պատասխանատուներից, խորհրդակցություններին մասնակցում են նաև արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարները: «Սա պատահական չէ, քանի որ կրթությունը մեկ ամբողջական միջավայր է: Պետք է ակտիվորեն աշխատել, համատեղ ծրագրեր ու նախագծային աշխատանքներ իրականացնել մոտակա երաժշտական, արվեստի և մարզադպրոցների հետ: Սա թույլ կտա հնարավորինս միասնական միջավայր ձևավորել ու միասին աշխատել՝ մեր երեխաների համար որակյալ կրթություն ապահովելու նպատակով»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Նոր դասագրքերը ուսուցիչներին տալու են նոր հնարավորություններ
Անդրադառնալով նոր ուսումնական տարվան՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ այն նոր խնդիրներ ու դժվարություններ է առաջ բերում, որոնք Տավուշի մարզի դպրոցներում շատ ավելի մեղմ կարտահայտվեն. «Տավուշի մարզի դպրոցների բոլոր դասարաններում արդեն ամբողջությամբ աշխատում եք նոր չափորոշչով: Դա նշանակում է, որ ձեզ համար արդեն իրողություն է ուսուցիչների նոր դրույքային ծանրաբեռնվածությունը ՝ շաբաթական 18 և 20 ժամ, այնինչ հանրապետության մյուս դպրոցներում այն դեռ նոր է զգալի դառնալու: Տավուշի դպրոցներում արդեն տեսնում են, թե այն ինչ փոփոխություններ ու հնարավորություններ է ստեղծում ուսուցիչների աշխատանքի կազմակերպման տեսանկյունից: Նախորդ տարիներին ունեինք իրավիճակ, երբ աշխատանքը կազմակերպվում էր ուսումնական նյութերի միջոցով։ Նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց՝ նոր դասագրքերի տպագրման արդյունքում աստիճանաբար դասագրքերի խնդիրը կարգավորվում է: Իհարկե, դասագրքերը դեռևս պետք է օգտագործվեն դպրոցներում ու լրամշակումների ենթարկվեն: Շատ կարևոր եմ համարում, որ ունենք նաև նոր տիպի դասագրքեր, որոնք մեր ուսուցիչներին տալու են նոր հնարավորություններ: Օրինակ՝ «Իմ հայրենիք» դասագրքի ձևաչափը բոլորովին տարբերվում է մեր պատկերացրած դասագրքերի ավանդական ձևաչափից, երբ ուսուցչի՝ դասապրոցեսում կիրառվող հիմնական նյութը մեթոդական ձեռնարկում է տեղակայված, իսկ դասագիրքն ավելի շատ կազմված է որպես գեղարվեստական գիրք՝ երեխայի ընթերցանության համար: Կարևոր է հասկանալ, թե ինչ արձագանքներ կունենա այս ձևաչափն ուսուցիչների կողմից: Դասագրքերի ստեղծման գործընթացում ներգրավել ենք նոր մասնակիցների. օրինակ՝ ունենք անգլերենի դասագրքեր, որոնք ներկայացված են Հայաստանի մանուկների հիմնադրամի կողմից, որը տևական ժամանակ անգլերենի դասընթացների փորձառություն ունի: Որքան ավելի մեծ ընտրություն ունենանք, այնքան ուսուցիչներն ավելի որակյալ ու լավ դասագրքեր կկարողանան ընտրել, բայց չպետք է մոռանալ, որ միայն դասագրքերով չէ, որ պետք է կազմակերպել երեխաների կրթությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ դասավանդման գործընթացում պետք է խրախուսվի ուսուցիչների կողմից ավելի ճկուն և ստեղծագործ մոտեցումների կիրառումը:
Նոր ուսումնական տարին՝ մշակութային կրթության տարվա խորագրի ներքո
Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ նոր ուսումնական տարին անցնելու է մշակութային կրթության տարվա խորագրի ներքո:
«Երեխաների ստեղծագործականությունն ու նախաձեռնողականությունը խթանելը մեր հիմնական մարտահրավերներից մեկն է․ շատ կարևոր է, որ նրանց ինքնուրույն միտքը զարգանա: Այդ համատեքստում մշակույթն ու արվեստն ունեն անփոխարինելի նշանակություն: Հենց այս ոլորտի միջոցով է, որ մենք կարող ենք բացել սովորողների երևակայության սահմանները, թույլ տալ երազել, ձևակերպել իրենց երազանքներն ու գնալ դրանց հետևից: Մշակութային կրթությունը մեզ համար ունի առանձնահատուկ նշանակություն. ուսումնական ամբողջ տարին կազմակերպելու ենք յուրահատուկ տրամաբանությամբ, իրականացվելու են մշակութային միջոցառումներ, որոնք մեկնարկելու են մշակութային կրթությանը նվիրված էքսպոյից»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ դրանք կազմակերպվելու են յուրաքանչյուր մարզում՝ նպատակ ունենալով ավելի սերտ կապեր ձևավորել դպրոցների և մշակութային հաստատությունների միջև:
Այս համատեքստում նախարարն անդրադարձել է աբոնեմենտային ծրագրին, որի շրջանակում երեխաներն ունեն հնարավորություն այցելելու թանգարան, թատրոն կամ համերգասրահ: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մշակութային հաստատություններ այցելությունները պետք է լինեն ոչ միայն ժամանցի, այլև կրթության մաս:
«Մշակութային միջավայրերը կարող են օգտագործվել կրթության վերջնարդյունքներին հասնելու համար: Վստահաբար, պատմության դասը, որը կարելի է կազմակերպել թանգարանում, շատ ավելի առարկայական ու տեսանելի կդարձնի տարբեր թեմաների ուսուցանումը, քան դասարանում մի քանի ժամ այդ թեմային անդրադառնալը: Ցանկանում ենք խրախուսել մշակութային հաստատությունների և դպրոցների համատեղ աշխատանքը՝ հիմքում ունենալով կրթության հետ կապը: Էքսպոյի ժամանակ կներկայացվեն տարբեր մշակութային հաստատությունները, ծրագրերն ու հնարավորությունները: Կխրախուսենք, որ այդ էքսպոյին մասնակցեն թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողները: Տարբեր թատրոններ այդ էքսպոների ժամանակ ներկայացնելու են իրենց խաղացանկերը, յուրաքանչյուր ներկայացման բովանդակությունն ու տրամաբանությունը, ինչն ուսուցիչներին թույլ կտա հասկանալ՝ որ ներկայացումը ինչպես կարող է որևէ թեմայի հետ համադրել»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ այն մարզերում, որտեղ չեն լինի գործող թատրոններ, կկազմակերպվեն հյուրախաղեր:
Արվեստի օր, կրթամշակությաին նախագծերի մրցույթ, թատերական շաբաթ․․.
Նախարարի փոխանցմամբ՝ նախատեսվում է նաև տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, երբ որևէ դասապրոցեսի կազմակերպման համար անհրաժեշտ կլինի այցելել մշակութային հաստատություն: «Ուսուցիչը պետք է ներկայացնի դասապրոցեսի պլանն ու ցույց տա, թե տվյալ հաստատություն այցն ինչպես է կապելու իր դասի և չափորոշչի հետ: Խոսքը ոչ թե պարզապես էքսկուրսիայի, այլ դասապրոցեսի շրջանակում մշակութային հաստատություն այցի մասին է»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի տեղեկացմամբ՝ նոր ուսումնական տարվա առաջին կիսամյակում նախատեսվում է ունենալ «Արվեստի օր»: Տարեսկզբին հայտարարվելու է կրթամշակութային նախագծերի մրցույթ, իսկ «Արվեստի օրվա» շրջանակում յուրաքանչյուր մարզում ամփոփվելու են տվյալ կրթամշակութային նախագծերը: Միջոցառումը կիրականացվի աշնանային արձակուրդներից առաջ:
Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ դարձյալ կկազմակերպվի թատերական շաբաթ, որի ընթացքում կիրականացվի աշխատաժողով. ուսուցիչներն աշխատաժողովի ընթացքում կներկայացնեն իրենց աշխատանքները, որոնք կիրականացնեն ներկայացումներ դիտելուց, քննարկումներ ունենալուց կամ մշակութային հաստատություններ այցելելուց հետո: Նմանօրինակ մեկ այլ աշխատաժողով էլ նախատեսվում է ունենալ Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ, որի ընթացքում ուսուցիչները կներկայացնեն իրենց լավագույն դասերը թանգարաններում: Այս նպատակով նաև որոշակի խրախուսում է նախատեսված:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը մշակութային հաստատությունների աշխատակիցների հետ կիրականացնի նաև վերապատրաստման դասընթաց ուսուցիչների համար՝ նվիրված, օրինակ, թանգարաններում կամ թատրոններում դասապրոցես կազմակերպելուն:
ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ տարեվերջին նախատեսվում է ունենալ վերջին դասի նոր առաջարկ, որը կունենա մրցութային ձևաչափ. «Կփորձենք իրականացնել լավագույն մշակութային վերջին դաս և կունենանք մշակութային տարբեր գործիչներից կազմված ժյուրի: Մրցույթին մասնակցությունը կամավոր սկզբունքով է. այն դպրոցները, որոնք կցանկանան մասնակցել, նախապես կներկայացնեն իրենց առաջարկները: Ցանկանում ենք փոքր-ինչ փոխել ավարտական միջոցառման մշակույթը մեր դպրոցներում և ավելի շատ կենտրոնանալ բովանդակության վրա, խրախուսել մեր երեխաների ստեղծագործական մտածողությունն ու կապը արվեստի հետ: Ամբողջ տարվա ընթացքում միասին կաշխատենք կրթամշակութային քաղաքականության վրա, կառանձնացնենք տարվա կարևոր հոբելյաններն ու կխրախուսենք դրանց շրջանակում դպրոցներում տարատեսակ միջոցառումների կազմակերպումը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Ամփոփելով խոսքը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ուսուցիչներին հորդորել է ցուցաբերել նախաձեռնողականություն՝ լավ գաղափարների իրականացման ու կրթության որակի բարելավմանն ուղղված քայլեր կատարելու հարցում. «Դպրոցներում մեր աշխատանքը մեծամասամբ պայմանավորում է նաև մեր հասարակության զարգացման ընթացքը. մեր յուրաքանչյուր վրիպումն ավելին է, քան պարզապես աշխատանքային բացթողում: Դա անդրադառնում է բազմաթիվ գործընթացների վրա, այդ իսկ պատճառով կարևոր եմ համարում ուսումնական տարին սկսել համագործակցային միջավայրում՝ նախապես բոլոր հարցերի վերաբերյալ քննարկումներ իրականացնելով»:
Խորհրդակցությունների շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաև շնորհակալագրերով է խրախուսել ամսվա լավագույնների մրցույթի՝ Տավուշի մարզից հաղթող ճանաչված տնօրեններին և ուսուցիչներին:
Խորհրդակցությանը ելույթով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հիմնական հարցերին։ Նախարարն ու տեղակալը պատասխանել են տնօրենների հարցերին: