Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նյութական և դատավարական իրավունքի ներկայացում ՀՀ պետական մարմինների հիմնական դերակատարների համար աշխատաժողովին: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Նախարարի տեղակալը նշել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի փետրվարի 1-ից:
«Կանոնադրության վավերացմամբ՝ Հայաստանը վերահաստատել է հանձնառությունը՝ պայքարելու համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող ծանրագույն հանցագործությունների անպատժելիության դեմ: Այս որոշումն արտացոլում է ՀՀ նվիրվածությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության և օրինականության սկզբունքներին։
Հռոմի կանոնադրության վավերացման և հետվավերացման գործընթացներում նույնքան կարևոր նշանակություն ունի Արդարադատության նախարարության համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, մասնավորապես՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ համագործակցության շրջանակներում մեկնարկած՝ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» խորագրով մեկամյա ծրագիրը։
Այս նախաձեռնությունը իրականացվում է վստահելի գործընկեր «Իրավունքի
Եվրոպա» հասարակական կազմակերպության կողմից՝ ԱՆ նախարարության հետ համագործակցությամբ, ինչի շնորհիվ կազմակերպվել է նաև այս աշխատաժողովը, ինչպես նաև իրականացվում է իրավական ակտերի մշակում, իրազեկման գործընթացում աջակցություն նաև ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման աջակցություն»,- նշվում է հաղորդագրության մեջ: