Արևմտյան Նեղոսի տենդը սուր վիրուսային ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է Culex ցեղի մոծակների միջոցով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը:
«Վարակումը ամենից հաճախ տեղի է ունենում թռչունների շրջանում, սակայն մարդիկ և որոշ կաթնասուն կենդանիներ նույնպես կարող են վարակվել: Մարդկանց մոտ վարակի ախտահարման դեպքերի 80%-ն անցնում է առանց ախտանիշների։
Դեպքերի մեծ մասը գրանցվում է հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, որը համընկնում է մոծակների ակտիվացման շրջանի հետ: Տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, բայց տուրիզմի զարգացման հետ, հայտնաբերվում է նաև այլ երկրներում: Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքն արձանագրվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝ անհայտ ծագման մենինգիտ ախտորոշմամբ բուժառուի մոտ։
Հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։
Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է:
Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝
-դող, ջերմության բարձրացում՝ 38-40°С,
-գլխացավ,
-տարածուն մկանացավեր, հոդացավեր,
-փսխում,
-փորլուծություն,
-մարմնի ցանավորում։
Վարակվածների 1%-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել՝
-սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր,
-ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի,
-անզուսպ փսխումներ,
-լուսավախություն,
-ջղաձգումներ, ցնցումներ,
-գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։
Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են՝
-տարեցները,
-սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք,
-ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք,
-շաքարային դիաբետ ունեցող անձինք,
-քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։
Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը»,- ասված է հաղորդագրության մեջ: