Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերվում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին իբր զենք վաճառելուն:
«Ես որևէ փաստացի տեղեկություն չունեմ ձեր նշածի վերաբերյալ և չեմ կարող մեկնաբանել հրապարակված լուրերը»,- ասել է Քանանին:
Դիվանագետը նշել է, որ իրենք չեն մեկնաբանում հայ-ամերիկյան հարաբերությունները, սակայն թերահավատորեն են վերաբերվում տարածաշրջանում ԱՄՆ դերակատարմանը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է նաև հայ-իրանական հարաբերություններին։
«Կարևորն այն է, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարեկամական ու կառուցողական են, և երկու երկրներն ունեն ընդհանուր կամք՝ զարգացնելու համակողմանի հարաբերություններ։ Իրանն ու Հայաստանը կարևորում են տարածաշրջանում և սահմաններում կայունության ու անվտանգության հաստատումը»,- ասել է Քանանին: