Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանում գործող Հըզբոլլահի ռազմական օբյեկտներին հարվածելու և շարժման հրամանատարներից մեկին ոչնչացնելու մասին: Լիբանանյան լրատվամիջոցները, սակայն, գրում են, որ իսրայելական հարվածներից նաև խաղաղ բնակիչներ են զոհվել: Հըզբոլլահն էլ տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Արաբական լրատվամիջոցների տվյալով՝ պայթյուններ են լսվել նաև Գազայի հատվածի կենտրոնական տարածքներում, ինչի հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվել: Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն արդեն հասնում է 40 000-ի, վիրավորներինը՝ հատում 92.000-ը: Իսրայելը հերթական անգամ Գազայի հատվածի հարավային մի շարք տարածքների տասնյակ հազարավոր բնակիչների կոչ է արել հեռանալ ռազմական գործողությունների գոտուց: Հումանիտար ճգնաժամը սրվում է: Պաղեստինի առողջապահության նախարարը հայտնել է, որ Գազայի հատվածում պոլիոմիելիտով վարակման առաջին դեպքն է գրանցվել: Նախարարությունից միջազգային հանրությանը կոչ են արել ջանքեր գործադրել հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ՝ մտահոգություն հայտնելով, որ Իսրայելի գործողությունների հետևանքով մեծանում է տարբեր վարակների առաջացման և տարածման վտանգը։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։