ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որում խոստովանում է՝ այն կարծիքին է՝ քաղաքական հայեցակարգերը պետք է ստանան գեղագիտական արտահայտություն:
Վարչապետի խոսքով՝ իրական Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կիլոմետրի՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի ՀՀ-ի մասին մտորումներում գրել է «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» բանաստեղծություն:
Մենք քեզ ուզում ենք տեսնել երջանիկ,
Բայց պիտի տեսնե՛նք քեզ դրա համար:
Մեր հայացքները՝ հեռու քեզանից
Հայրենիքներ են փնտրել անդադար։
Մենք ուզում ենք քեզ տեսնել երջանիկ,
Բայց պիտի տեսնենք՝ Հայաստանն ես իսկ,
Մե՛զ պիտի ուզենք տեսնել երջանիկ,
Քեզանով, քեզնում, անբաժան քեզնից։
Քեզ պարտավոր ենք դարձնել երջանիկ,
Ժպիտը դեմքիդ, լացերդ պարպած,
Հոգեհանգստի տոչորող տանից
Դուրս եկած կյանքի՝ աչքերով մեր թաց։
Եւ քո ապրելը պիտի հավերժի,
Մեր սիրո աղբյուր, մեր հույսի պատվար։
Երջանկությունն է քո տունը վերջին,
Հայրենիք մեր հին, պետություն մեր հար։
Դու այն ամենն ես ինչը որ մենք կանք,
Մեր իղձերը քեզ չեն լքի կրկին,
Չէինք կորցրել քեզ, բայց նորից գտանք,
Պետություն մեր հար, հայրենիք մեր հին։