88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիական կինոյի և թատրոնի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ Ալեն Դելոնը: Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Monde պարբերականը:
Դելոնի մահվան մասին հայտնել են նրա երեք զավակները: Նշվում է, որ նա մահացել է ֆրանսիական Դուշի կոմունայի իր տանը:
Մոտ մեկ ամիս առաջ դերասանի դուստրը՝ Անուշկա Դելոնը, հրապարակել էր ծանր հիվանդ հոր լուսանկարը, որի մոտ ախտորոշվել էր քաղցկեղ և Ալցհեյմերի հիվանդություն:
Դուստրը հայտնել էր, որ լուսանկարներն արվել են հոր համաձայնությամբ:
Դելոնին ճանաչում են բերել «Պայծառ արևի վրա» (1960 թ.), «Ռոկկոն և իր եղբայրները» (1960թ.), «Ընձառյուծ» (1963 թ.), «Սամուրայ» (1967 թ.) ֆիլմերը:
1980 թվականին Դելոնը նկարահանվել է խորհրդային «Թեհրան-43» ֆիլմում:
Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմությունը» ֆիլմում (1984 թ.) տղամարդու լավագույն դերակատարման համար և պատվավոր մրցանակի արժանացել Բեռլինի միջազգային կինոփառատոնում։
2019 թվականին Կաննի կինոփառատոնում Դելոնը արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի»՝ կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար։
Սիրված դերասանը բազմաթիվ կինոփառատոների մրցանակակիր է: