Հանրապետությունում վերջին տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարներին տարեկան զոհ է դառնում 300 և ավելի մարդ, վիրավորվում չորս հազարից ավելի: Այս թվերի հիմնական մասը երիտասարդներ են, նաև` երեխաներ:
2024 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է 1946 պատահար, անցած տարվա նույն ժամանակահատվածում` 2090, դրանց հետևանքով այս տարի զոհվել է 147 մարդ, անցած տարի` 142, այս տարի վիրավորվել է 2760 մարդ, անցած տարի` 2918:
Այսօր հանրապետությունում կա հաշվառված 901 967 տրանսպորտային միջոց, որի գրեթե կեսը ներմուծվել է 2019 թվականից ի վեր: Այս ոչ լրիվ հինգ տարվա ընթացքում ներմուծվել է 413 911 մեքենա:
Հատկապես խոշոր քաղաքներում լրջագույն խնդիր է երթևեկության կազմակերպումը: 2024 թ. առաջին կիսամյակում Երևանում գրանցվել է մարմնական վնասվածքով ՃՏ 983 պատահար, 38 մահ, 1150 վիրավոր: Անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 973 պատահար, 38 մահ, 1162 վիրավոր: Այլ կերպ ասած` վիճակագրությունը գրեթե չի փոխվել:
ՆԳ նախարարությունից տեղեկանում ենք՝ մահերի գերակշիռ մասը վրաերթի հետևանք է:
2023 թվականին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում իրականացվել է 175 անձի սթափության վիճակի գնահատում, 134-ի փորձանմուշում արձանագրվել է 0,2 գրամ լիտրից բարձր քանակությամբ էթանոլ: 2024 թվականի առաջին կիսամյակում հետազոտվել է 134 անձ, որոնցից 106-ի մոտ է արձանագրվել նույն քանակությունը: Մեկ լիտր արյան մեջ 0,2 գրամից ավելի էթանոլի առկայությունը վկայում է, որ անձը գտնվում է ոչ սթափ վիճակում: Այս դեպքում նշանակվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով և տուգանային 4 միավորի կիրառում:
Իսկ եթե արյան մեկ լիտրում էթանոլի քանակությունը բարձր է մեկ գրամից` վարորդը մեկ տարի ժամկետով զրկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից: 2023 թվականին մեկ գրամից ավելի էթանոլ հայտնաբերվել է 93 անձի, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում` 60 անձի արյան մեջ: Ի դեպ, կան վարորդներ, որոնք հրաժարվում են պարեկային ծառայողի կողմից առաջարկվող` «ալկոթեստի» միջոցով սթափության վիճակի զննությունից, փորձում են ամեն կերպ ժամանակ շահել, հնարավորինս ուշ անցնել թեստավորում, որպեսզի այդ ընթացքում նվազի արյան մեջ էթանոլի քանակությունը:
2020 թվականից առ այսօր Ճանապարհային ոստիկանության և Պարեկային ծառայության կողմից կայացվել է վարորդական իրավունքի զրկման ավելի քան 23 հազար որոշում:
Պարեկային ծառայությունը հավաստիացնում է, որ հետևողական է բոլոր այն իրավախախտումների դեպքում, որոնք կարող են այս կամ այն չափով դառնալ պատահարի պատճառ:
Պատկերն այսպիսին է. 2024 թվականի առաջին կիսամյակում միայն Պարեկային ծառայության ուժերով, այսինքն` չհաշված ճանապարհներին տեղադրված ստատիկ արագաչափ սարքերը, արձանագրվել է արագության գերազանցման մոտ 41 հազար իրավախախտում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի չորս հազարի համեմատ, այսինքն` գրեթե տասն անգամ ավելի:
Արձանագրվել է ոչ սթափ վիճակում վարելու մոտ 10 հազար փաստ՝ նախորդ տարվա 7500-ի դիմաց, կամ մոտ 25 տոկոսով ավելի, ինչպես նաև արձանագրվել է չամրակապված վիճակում տրանսպորտային միջոց վարելու մոտ 86 հազար փաստ` անցած տարվա 25 հազարի համեմատ, կամ գրեթե երեք անգամ ավելի: Բացի այդ` վարելու ընթացքում հեռախոսակապից օգտվելու համար արձանագրվել է մոտ 14 հազար իրավախախտում, ևս մոտ 12 հազարը` վարելիս ծխախոտային արտադրանք օգտագործելու համար:
Արձանագրվել է հետիոտնի կողմից ՃԵԿ խախտման մոտ 17 հազար դեպք` անցած տարվա 10 հազարի համեմատ:
Ներքին գործերի նախարարությունը հորդորում է ցուցաբերել գիտակից, իրավահարգ ու օրինապահ վարքագիծ, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, խստագույնս հետևել երթևեկության անվտանգության ապահովմանն ու վերահսկողության բոլոր պահանջներին։
Մանրամասները՝ տեսանյութում: