Թուրքիայի արտաքին գործերի նախարարն անվտանգային հարցերով թուրք-իրաքյան բարձր մակարդակի 4-րդ հանդիպման ավարտին հայտնել է, որ Թուրքիան և Իրաքը ռազմական, անվտանգային և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում գործակցության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Հաքան Ֆիդանը նշել է, որ կողմերն ակտիվ աշխատում են երկու երկրի առաջնորդների կամքը կյանքի կոչելու ուղղությամբ:
Թուրքական կողմի տվյալով՝ դիվանագետը հավելել է․ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն կազմակերպության մասին Իրաքի տեղեկացվածության մակարդակը բարձրացել է»։ Ֆիդանը կարծիք է հայտնել, որ երկրների միջև գործակցությունը նոր փուլ է մտնում։
Երկու երկրների միջև անվտանգային հարցերով համակարգման հարթակը ստեղծվել է ապրիլին՝ Ռեջեփ Էրդողանի՝ Իրաք կատարած այցից հետո։ Ձևաչափի խնդիրներից են ընդհանուր սահմանների պաշտպանությունը և ահաբեկչության դեմ պայքարը։