ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Նարեկ Կարապետյանին պատկանող հաց-հացաբուլկեղենի արտադրամասում (Արարատի մարզ, գյուղ Գետազատ) իրականացվել է վերահսկողական միջոցառում՝ ստուգում, որի արդյունքում այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. հիմք` Տեսչական մարմնի ղեկավարի որոշումը:
Ստուգմամբ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ, մասնավորապես՝ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել՝
-
սննդային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,
-
արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը,
-
պարենային (սննդային) հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,
-
արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով, որոնց դռները չեն բացվի դեպի արտադրական շինություն,
-
առկա չի եղել անձնակազմի համար հանդերձարան:
Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: