ԱՄՆ-ը, Կատարը և Եգիպտոսը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ամփոփելով Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման հարցով բանակցությունները, որոնք մեկնարկել են օգոստոսի 15-ին՝ Դոհայում:
Քննարկումներին մասնակցել են այդ երեք երկրի և Իսրայելի ներկայացուցիչները: ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է պատվիրակություն ուղարկել՝ նշելով, որ բանակցություններին ընդառաջ Իսրայելը նոր պահանջներ է ներկայացրել: Միաժամանակ, շարժումը հայտնել է, որ պատրաստ են քննարկել Դոհայի բանակցությունների արդյունքները հանդիպմանը մասնակցած միջնորդների հետ:
Համատեղ հայտարարության համաձայն՝ բանակցությունների հերթական փուլը եղել է կառուցողական, լուրջ և անցել դրական մթնոլորտում։
«Մինջնորդները կողմերին կամրջող առաջարկ են ներկայացրել, որը համահունչ է ավելի վաղ ԱՄՆ նախագահի առաջարկած սկզբունքներին: Այն թույլ կտա լուծել առկա խնդիրները և հասնել պայմանավորվածությունների արագ կյանքի կոչմանը», - ասված է փաստաթղթում:
Ըստ հայտարարության՝ աշխատանքային թիմերն առաջիկա օրերին կդիտարկեն համաձայնությունների կատարման տեխնիկական մանրամասները: Խոսքը, մասնավորապես, հումանիտար և գերիների ու պահվող անձանց հետ կապված հարցերի մասին է:
«Մեր կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաները կրկին կհավաքվեն Կահիրեում մինչև հաջորդ շաբաթվա վերջ՝ այսօրվա առաջարկների հիման վրա գործարք կնքելու նպատակով», - ասված է ԱՄՆ, Եգիպտոսի և Կատարի համատեղ հայտարարության տեքստում: