Շվեդիան հույս ունի, որ Ադրբեջանը հավատարիմ կմնա իր միջազգային պարտավորություններին և կգործի միջազգային իրավունքին համապատասխան։ Այդ մասին նշված է Շվեդիայի արտգործնախարար Տոբիաս Բիլստրյոմի նամակում՝ ուղղված Շվեդիայի խորհրդարանի անդամ, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Էրիկ Հելսբորնին։
Վերջինս ԱԳ նախարարին հարց էր ուղղել՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հետ կապված. «Եթե ԱՄՆ-ը Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանի, արդյո՞ք Շվեդիան կարող է նույն կերպ վարվել»։
«Կառավարությունը հետևում է Հաագայի միջազգային դատարանում ընթացիկ համապատասխան դատավարությանը: Հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ Շվեդիայի բոլոր միջազգային շփումների հիմքն է։ Կառավարությունն ակտիվորեն աշխատում է Ադրբեջանում մարդու իրավունքների խթանման և քաղաքացիական հասարակության ամրապնդման ուղղությամբ և ուշադիր հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին:
Կառավարությունն աջակցում է բարձր ներկայացուցիչ Բորելի՝ հունվարի 22-ի հայտարարությանը, որում նա նշել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումներն անընդունելի են և լուրջ հետևանքներ կունենան ԵՄ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների համար: Այս դեպքում չպետք է բացառել որևէ գործողություն, այդ թվում՝ պատժամիջոցները։
Տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման ամենակարևոր բաղադրիչը կայուն խաղաղության համաձայնագիրն է: Կառավարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև 2023 թվականի դեկտեմբերի 7-ի և 2024 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրերը, որոնք, ի թիվս այլ հարցերի, ներառում էին ռազմագերիների փոխանակում և սահմանի առանձին հատվածների կանոնակարգում։ Շվեդիան իր գործընկերների հետ շարունակելու է աջակցել խաղաղ գործընթացին»,- ասված է արտգործնախարարի նամակում։
Հելսբորնն արտգործնախարարի պատասխան նամակը բնորոշել է «բավական անհստակ»։