ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է օրերս «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու մահվան դեպքին:
«Տեղի է ունեցել հետևյալը՝ անձը, հավանաբար, շատ մեծ հավանականությամբ տեղափոխել է թմրանյութ: Մեր ռիսկերի համակարգը թիրախավորել է, որ նա անպայման ենթակա է զննության: Զննության համար շշերը դուրս են բերվել, քաղաքացին, ենթադրաբար, կասկածները ցրելու համար որոշել է, որ կարող է ապացուցել խմելու տեսքով: Իհարկե, դա նորմալ ընթացակարգ չէ, եթե որևէ մեկը ոչ պրոֆեսիոնալ է կատարել իր պաշտոնեական պարտականությունները, պետք է պատասխանատվության ենթարկվի:
Կա քրեական վարույթ, քննչական կոմիտեն բոլոր հանգամանքները կպարզի»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների՝ «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային ծառայողները ստիպել են քաղաքացուն խմել հեղուկը, որպեսզի պարզեն թմրանյութ է, թե՝ ոչ: Ըստ հրապարակման՝ քաղաքացու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա րոպեներ անց մահացել է: