Ուկրաինան և Ռուսաստանը բանակցություններ են սկսել Կուրսկի շրջանում գերիների փոխանակման հարցով։ Financial Times-ի տեղեկությունն այդ մասին հաստատել է ուկրաինական հետախուզությունը։
Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը նախօրեին ասել էր, որ Ռուսաստանը նախաձեռնել է բանտարկյալների փոխանակման հարցի քննարկում և զրուցել է իր ռուս գործընկեր Տատյանա Մոսկալկովայի հետ։
Ըստ Լուբինեցի՝ զրույցը «հույս է ներշնչել», որ կողմերը շուտով կկարողանան առաջ շարժվել բանակցություններում։ Մոսկալկովայի գրասենյակը չի հայտնել փոխանակման ծրագրերի մասին: Նրանք չեն մեկնաբանել նաև ռուս զինվորների գերեվարումը։
Գերեվարված ռուս զինվորների ստույգ թիվը չի հաղորդվում։ Օգոստոսի 14-ին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին ասել է, որ Կուրսկի շրջանում «մեկ օրում» գերի է ընկել ավելի քան 100 զինվորական։ Ուկրաինացի պաշտոնյաները և Կուրսկի մարզի սահմանին գտնվող զինվորականները FT-ին հայտնել են, որ գերիների թիվը «մի քանի հարյուր է»:
Անհայտ է նաև, թե քանի ուկրաինացի զինվոր է գերի ընկել ռուսական կողմին։ Օգոստոսի 14-ին ՌԴ ՊՆ-ն հաղորդել է մեկ օրում 18 ուկրաինացի զինվորի գերեվարման մասին։