ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում օգոստոսի 15-ին տեղի է ունեցել «Աքսելերացիոն ծրագիր» դրամաշնորհային մրցույթի հաղթող կազմակերպության հետ պայմանագրի կնքման արարողությունը:
Մասնակցության հայտ է ներկայացրել 4 միջազգային կազմակերպություն, մրցութային հանձնաժողովի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել «Plug and Play Germany GmbH» աքսելերատորը:
Մրցույթի համար նախատեսված բյուջեն կազմում է 336 մլն (երեք հարյուր երեսունվեց միլիոն) ՀՀ դրամ:
26 շաբաթյա ծրագիրը նախատեսված է Հայաստանում գործունեություն ծավալող սկսնակ ընկերությունների համար, որի ընթացքում ընկերություններին կտրամադրվեն խորհրդատվական ծառայություններ, կարողությունների զարգացում, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:
Պայմանագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը և «Plug & Play Germany GmbH» կազմակերպության գործադիր տնօրեն Սաշա Քարիմպուրը։
Պայմանագրի կնքման շրջանակում նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Սաշա Քարիմպուրն անդրադարձել են այս համագործակցության կարևորությանը, ինչպես նաև հետագա գործակցության հնարավորություններին։
Ռուբեն Սիմոյանը վստահություն է հայտնել, որ համագործակցությունն արդյունավետ կլինի և նոր մոտեցում կձևավորի Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի համատեքստում։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, մասնավորապես անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիական ռազմավարական ուղղություններին, ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերին, Հայաստանում գործող միջազգային և վերազգային ընկերություններին, և մի շարք այլ թեմաների:
Սաշա Քարիմպուրն իր հերթին ներկայացրել է «Plug and Play Germany GmbH»-ի գործունեությունը և փորձը նմանատիպ ծրագրերում, ընդգծել, որ միջազգային ստանդարտներին համապատասխան էկոհամակարգ ձևավորելու համար կարևոր պայման է նորարար տեխնոլոգիաների վրա հիմնված կրթությունը, որն իրենց գործունեության հիմքում է։
Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը չի սահմանափակվի միայն 26-շաբաթյա այս ծրագրով, այլ կլինի շարունակական։
Plug and Play Tech Center-ը միջազգային հեղինակավոր նորարարական հարթակ է և ստարտափ աքսելերատոր, որի գլխամասը գտնվում է Սիլիկոնյան հովտում: Այն կապում է ստարտափներին, կորպորացիաներին և ներդրողներին՝ խթանելու տեխնոլոգիական առաջընթացը և բիզնեսի աճը: Ներկայանալով բազմաթիվ երկրներում՝ Plug and Play-ն առաջարկում է ամուր էկոհամակարգ, որն աջակցում է ստարտափներին՝ մենթորության, ֆինանսավորման և ցանցային հնարավորությունների միջոցով՝ օգնելով ընդլայնելու գործունեության աշխարհագրությունը և հաջողության հասնելու տարբեր ոլորտներում:
Plug and Play Tech Center-ը համագործակցում է մի շարք գլոբալ և հեղինակավոր կազմակերպությունների հետ ինչպիսիք են՝ VISA-ն, ROCHE-ն, JAGUAR LAND ROVER-ը, WALMART-ը, Mercedes-Benz-ը, VOLVO-ն, PORSCHE-ն, NISSAN-ը և այլք:
Plug and Play Tech Center-ի պորտֆոլիոյում կան ավելի քան 30 կազմակերպություններ՝ PayPal-ը, Dropbox-ը, Honey-ն, SoundHound-ը, Rappi-ն, CourseHero-ն, Pinterest-ը, Pony.ai-ը և այլք: