«Գյումրու երկխոսության մեդիա կենտրոնում» շահագրգիռ կողմերի միջև տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում, որին մասնակցել է ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Քննարկմանը կարևորվել է այն հանգամանքը, որ օրենքի նախագծի մշակումը կատարվել է մասնակցային եղանակով. ընդգրկվել են ոլորտի փորձագետներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերում հանրային լսումեր են անցկացվել, հաշվի են առնվել երիտասարդների կարծիքները, այցելություններ են կատարվել բուհեր, երիտասարդական կենտրոններ։
ԿԳՄՍՆ ներկայացուցչի խոսքով՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի համակարգելու ՀՀ-ում երիտասարդության ոլորտը՝ ստեղծելով պետական վարչարարությունն իրականացնելու մեխանիզմներ, ինչպես նաև կնպաստի ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտեր ընդունելու համար լիազորություններ սահմանելուն և ավելի արդյունավետ ու թիրախային քաղաքականություն իրականացնելուն: Օրենքը կհանդիսանա շրջանակային փաստաթուղթ երիտասարդական քաղաքականության բոլոր դերակատարների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների համար։
Ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետությունում կփոխվի նաև երիտասարդների տարիքային շեմը․ նախկին 16-30 տարեկանների փոխարեն երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները։
«Տարիքային այս խումբն առաջարկելիս՝ հաշվի են առնվել տարբեր բաղադրիչներ՝ սկսած ներկայիս ժողովրդագրական տվյալներից, ամուսնության տարիքից, առաջին երեխա ունենալուց, զբաղվածության ոլորտ մտնելուց, մինչև ոչ ֆորմալ կրթության մեջ ընդգրկվելու տարիքը»,- ասել է Զարա Ասլանյանը։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» խորհրդի նախագահ, օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ Արթուր Նաջարյանն էլ անդրադարձել է ամենաշատ ուղղվող հարցին՝ ինչի՞ համար է պետք կամ ո՞ւմ է պետք «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը: «Հայաստանը տարածաշրջանի այն երկրներից է, որտեղ երիտասարդական կյանքը ակտիվ է, իսկ յուրաքանչյուր պետության զարգացման մակարդակը սկսել են չափել երիտասարդության զարգացմամբ, ուստի ինչպիսին որ վաղը ուզում ենք տեսնել պետությունը, այդպիսին պետք է դարձնենք երիտասարդին այսօր: Այս ամենը մեկտեղելով՝ հասկանում ենք, որ երիտասարդությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է, և պետք է սրա համար պետությունը համապատասխան գործիքակազմ ունենա, որպեսզի կարողանա ոլորտը համակարգել և վերահսկել, իսկ օրենքն ամեն ինչ համակարգում է»,- ասել է Արթուր Նաջարյանը։
Կողմերն անդրադարձել են նաև ՏԻՄ-երում երիտասարդական աշխատողի հաստիք ունենալու անհրաժեշտությանը, ինչը ևս նախատեսված է օրենքի նախագծում: Այս համատեքստում Գյումրու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանն էլ, արժևորելով օրենք ունենալու նախաձեռնությունը, ընդգծել է ոլորտում ՏԻՄ-երի աշխատանքի կարևորությունը՝ ըստ սահմանվող ընթացակարգերի։ Նա նշել է, որ Գյումրու քաղաքային իշխանությունը ծրագրում է 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ երիտասարդական աշխատողի հաստիք ունենալ համայնքապետարանում՝ համակարգելու այդ ոլորտը:
Օրենքի մշակման աշխատանքային խմբում ընդգրկված փորձագետ Կարեն Տերտերյանն էլ մանրամասնել է, թե երիտասարդների որ առաջարկներ են հաշվի առել օրենքի նախագիծ մշակելիս։ Ըստ նրա՝ երիտասարդները մտահոգություն են հայտնել իրենց ձայնը լսելի դարձնելու, համայնքային կյանքում մասնակցությունն ապահովելու: