Պայմանավորվել ենք, որ գետերի հուների մաքրման հետ կապված ընթացակարգերը պարզեցնենք: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կարևոր է ինչպես գետերի հուների մաքրումը, այնպես էլ հենապատերի տեղադրումը:
Փաշինյանը հիշեց՝ Իջևանում տեսել է գետի հունի մի հատված, որում անտառ է ձևավորվել: Ծառերն այդտեղից մաքրելը պարտադիր է, որովհետև շատ տեղերում հենց դա էր պատճառը հեղեղումներից հետո մեծ վնասների:
«Հիմա ՏԻՄ-ն ու մյուսներն ասում են, որ ընթացակարգ կա: Ծառկ կա, այդ ծառը կտրելու ընթացակարգ էլ կա, և այդ ընթացակարգն այնքան բարդ է, որ հնարավոր է՝ 3 տարի շրջանառվի, մինչ հաջորդ ջրհեղեղը, և ծառը օրինական ճանապարհով հնարավոր չլինի կտրել: Այս ընթացակարգերը պետք է պարզեցնենք, որպեսզի արագ այդ խնդիրը լուծվի»,- ասաց նա և հավելեց, որ եթե կրկին գետը վարարի, չմաքրված հուները քշելու է, ճանապարհները տանելու է:
Ըստ Փաշինյանի՝ այն պաշտոնյաները, որոնք դա պիտի անեն, ասում են, որ եթե գետի հունի ծառերը կտրեն, քրեական գործ կհարուցվի, որովհետև ընթացակարգը պահված չէ:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն արձագանքեց՝ քրեական իրավունքում մի ինստիտուտ կա, կոչվում է «ծայրահեղ անհրաժեշտություն», այսինքն՝ հանցագործություն չի համարվում այն արարքը, որը թեև օրենքով պաշտպանվող շահերին վնաս է, սակայն կատարվել է ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում:
«Եթե այսօր խնդիր ունենք այդ ծառերը կտրելու, որպեսզի կարողանանք կանխել աղետ, ապա այդ ծառերի կտրելը հանցագործություն չի համարվում»,- ասաց նա:
Փաշինյանը նկատեց՝ խնդիրը պետք է լուծել, քանի որ սեպտեմբերին անձրևներ են սկսվելու, և որ կարևոր է՝ ոչ թե խնդիրների վրա աղետից աղետ աշխատելը, այլ դրանց կանխարգելման ուղղությամբ անդադար աշխատանքը: