Միակ տարածքը, որտեղ մեքենայի հասանելիություն չկա, Սանահին թաղամասն է, որտեղ հենց այս պահին մետաղական կամուրջ է հավաքվում, որը և՛ մեքենաների համար է, և՛ հետիոտնի: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 15-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումներից հետո կա՞ն կամրջային ժամանակավոր լուծումներ բոլոր տեղերում:
«Բավականին լավ կառույց է լինելու: Նախնական տրամադրվածությունը ժամանակավոր է, բայց կտեղադրենք, կտեսնենք՝ եթե հարմարավետ լինի իր լուծումներով, չի բացառվում, որ կարող է որպես հիմնական կամուրջ ծառայել»,- ասաց նախարարը՝ նշելով, որ օգոստոսի վերջին աշխատանքները կավարտվեն:
Քարկոփի պարագայում թեև կամուրջը վերանորոգված չէ, բայց քաղաքացիների համար որպես ճանապարհ է ծառայում Ախթալայի կամուրջը, պարզապես այն, ըստ նախարարի, մի փոքր երկար է, նաև երթևեկության սահմանափակում ունի, քանի որ մինչև 25 տոննայի համար է նախատեսված:
Իր հերթին վարչապետը նկատեց՝ հեղեղումներից Խաշթառակում ժամանակավոր կամուրջ էր կառուցվել, բայց նոր հեղեղում եղավ, և կամուրջը վնասվեց. «Հիմա այդ իրադրությունը վերլուծելով՝ ավելի ընդարձակ կամուրջ է կառուցվել, որը գործում է»:
Ինչ վերաբերում է երկաթուղուն, այդ մասով հարցն արդեն լուծված է, քանի որ, ըստ նախարարի, ժամանակավոր լուծումներից անցել են հիմնական լուծման, և երկաթուղին գործում է: