Համայնքային հանձնաժողովներն արձանագրել են 193 տրանսպորտային միջոց, որոնք աղետի հետևանքով վնասվել են, կամ կորուստ ունեն մեր քաղաքացիները: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 15-ի նիստին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով վնասված ավտոմեքենաների սեփականատերերին փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագիծը:
Ըստ նախարարի տեղակալի՝ ՆԳՆ-ն ձեռք է բերել փորձագիտական ծառայություն՝ ԱՊՊԱ ոլորտում տրանսպորտային միջոցներին պատճառված վնասների հատուցումը որակավորված փորձագետների կողմից գնահատելու նպատակով:
«Այս 193 տրանսպորտային միջոցներից յուրաքանչյուրը կունենա անհատական փորձագիտական եզրակացություն, որը հիմք կդառնա մեր մարզպետների համար՝ փոխհատուցում իրականացնելու»,- ասաց նախարարի տեղակալը և հավելեց, որ 193 տրանսպորտային միջոցներից 152-ի մասով արդեն իսկ կան վերջնական փորձագիտական եզրակացություններ:
«Օգոստոսի 26-ից քաղաքացիները հնարավորություն կունենան դիմում ներկայացնելու և անմիջապես՝ շատ կարճ օրերի ընթացքում, ստանալու հատուցումը»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքացիները կարող են ներկայացնել նախընտրելի հաշվեհամար, որին էլ կփոխանցվի հատուցման գումարը:
Արփինե Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ կա 3 դեպք, երբ փորձագիտական եզրակացությամբ կտրամադրվի տվյալ տրանսպորտային միջոցի՝ միջին շուկայական արժեքի չափով վնասի հատուցում՝ հաշվի առնելով, որ մեքենան վնասվել է ամբողջությամբ, իսկ մնացյալ դեպքում փորձագետներն այնպես են հաշվարկներն արել, որ ավելի քան բավարար կլինի քաղաքացիներին տրանսպորտային միջոցների վերանորոգման համար: