Աղետի գոտում ոչնչացված կամ անկած գյուղատնտեսական կենդանիների, ինչպես նաև ոչնչացված կամ կորսված ու վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածություների համար Կառավարությունն աջակցություն կտրամադրի: Այդ մասին որոշման նախագիծը գործադիրի՝ օգոստոսի 15-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նախագծով աջակցություն է տրամադրվում համայնքների տնտեսությունների գրքերում հաշվառված, խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում նաև «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տվյալների հետ համադրված, կենդանիների համար գնահատված արժեքի 100 տոկոսի չափով: Օրինակ՝ ցուլ (1 գլխի համար)՝ կտրամադրվի 650 հազար դրամ, կով՝ 550 հազար դրամ, հորթ՝ 110 հազար, խոզ՝ 100 հազար, խոճկոր՝ 40 հազար, ոչխար և այծ՝ 50 հազար, գառ՝ 40 հազար դրամ, ձի՝ 350 հազար դրամ, ավանակ՝ 80 հազար, ճագար՝ 3000 դրամ, հավ՝ 2500, բադ՝ 4000 դրամ, սագ՝ 5000, հնդկահավ՝ 7000, մեղվափեթակ՝ 60 հազար, ծիածանափայլ իշխանի մայրական կազմ՝ 2400 դրամ:
Համայնքների տնտեսությունների գրքերում չհաշվառված կենդանիների դեպքում կտրամադրվի գնահատված արժեքի 50 տոկոսի չափով՝ բացառությամբ խոշոր եղջերավոր կենդանիների և ծիածանափայլ իշխանի մայրական կազմի, որի՝ հաշվառված չլինելու դեպքում փոխհատուցում չի տրամադրվում:
«Այս դեպքում 1 գլխի համար խոզը կլինի 100-ի փոխարեն 50 հազար դրամ, խոճկորը՝ 20 հազար դրամ և այսպես շարունակ, այսինքն՝ նախորդ նշած թվերի կեսը»,- ասաց նախարարը:
Տնամերձ հողամասերի մասով անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայության պայմաններում ամեն տնամերձին կհատկացվի 150 հազար դրամ: Իսկ գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա պտղատու ծառեր, հատապտղի թփեր մշակված լինելու և ցանքեր իրականացնելու դեպքում անշարժ գույքի սեփականության առկայության պայմաններում կհատկացվի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով:
«Մի քանի օրինակ բերեմ. 1 հատի հաշվով աղետի հետևանքով ոչնչացած կամ կորսված պտղատու ծառը՝ 8500 դրամ, աղետի հետևանքով վնասված պտղատու ծառը՝ 1500 դրամ, պտղատու տնկանյութի դեպքում՝ 300 դրամ, 1 քմ-ի հաշվով հատապտղի թուփը՝ 450 դրամ, հացահատիկային և հատիկաընդեղենի՝ 1 հեկտարի մասով՝ 350 հազար դրամ»,- ասաց նա:
Գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա պտղատու ծառեր, հատապտղի թփեր մշակված լինելու և ցանքեր իրականացնելու դեպքում կտրամադրվի գնահատված արժեքի 30 տոկոսի չափով:
«Այս պարագայում 1 հատի հաշվով աղետի հետևանքով ոչնչացած կամ կորսված պտղատու ծառերի դեպքում կլինի 2550 դրամ կամ 1 հա հացահատիկը կամ հատիկաընդեղենը՝ 105 հազար դրամ»,- ասաց նա:
Պապոյանը հրապարակեց նաև նախնական վնասի գնահատման մասով արդյունքները, այն է՝ կորսված կամ անկած խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակը մոտ 400 գլուխ է, թռչուններն ու ճագարները՝ 2413, ոչնչացած կամ կորսված բերքատու ծառերը՝ 10248, ոչնչացած ցանքատարածությունները՝ 25,1 հա:
Աջակցություն ստանալու համար շահառուն պետք է մինչև սեպտեմբերի 6-ը դիմի համայնք: