Կառավարության՝ օգոստոսի 15-ի նիստին հաստատվեց Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ի հեղեղումների հետևանքով առաջացած աղետի գոտու տարածքներում տնտեսվարողներին աջակցության տրամադրման ծրագիրը: Այդ մասին որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Ծրագրի շահառու են աղետի գոտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի սեփականատերերը»,- ասաց Պապոյանը:
Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ ըստ քառակուսի մետրի տուժածության և ըստ տնտեսվարողի՝ 2023 թվականին պետբյուջե վճարած հարկերի:
Ըստ 1-ին բաղադրիչի՝ առանձնացվել է 3 տիպի տուժածություն՝ ցածր, միջին, բարձր: Եթե ցածր տուժածություն է, ապա 1 քառակուսի մետրի համար 6,600 դրամ կփոխհատուցվի, առավելագույնը՝ 1 մլն 200 հազար դրամ: Եթե միջին տուժածություն է, ապա 1 քառակուսի մետրի համար՝ 14,900 դրամ, առավելագույնը՝ 1 մլն 200 հազար դրամ: Իսկ եթե բարձր տուժածություն է, ապա 1 քառակուսի մետրի համար՝ 24,800 դրամ, առավելագույնը՝ 1 մլն 200 հազար դրամ:
«Այս բաղադրիչով աջակցություն տրամադրվելու է շուրջ 150 տնտեսվարողի որի ընդհանուր գումարը մոտ 140 մլն դրամ է»,- ասաց նախարարը:
Ըստ 2-րդ բաղադրիչի՝ տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի՝ կախված վերջիններիս՝ 2023 թ. համար պետբյուջե վճարած հարկերի չափից, որի վերանորոգման ծախսերի վերաբերյալ հաշվարկներն իրականացրել է ՊԵԿ-ը:
Պապոյանը ներկայացրեց նաև 2-րդ բաղադրիչով ցածր, միջին, բարձր տուժածությունների փոխհատուցման բանաձևը:
Ըստ այդմ.
Ցածր՝ 2023 թվականի հարկերի չափով վերադարձ՝ ԱԱՀ կամ շրջհարկ - շուրջ 50 տոկոս կամ նվազագույնը՝ 200 հազար դրամ, առավելագույնը՝ 5 մլն դրամ:
Միջին՝ 2023 թվականի հարկերի չափով վերադարձ՝ ԱԱՀ կամ շրջհարկ - 70 տոկոս կամ նվազագույնը՝ 200 հազար դրամ, առավելագույնը՝ 10 մլն դրամ:
Բարձր՝ 2023 թվականի հարկերի չափով վերադարձ՝ ԱԱՀ կամ շրջհարկ - 100 տոկոս կամ նվազագույնը՝ 200 հազար դրամ, առավելագույնը՝ 15 մլն դրամ:
«Երկրորդ բաղադրիչով մոտ 150 տնտեսվարողի ենք աջակցություն տրամադրում, գումարը՝ 150 մլն դրամ»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ աջակցության ձևը 3 ամիս անց է որոշվել, ապա պարզաբանեց. «Չենք կարող ասել, որ ամենահնարավոր մեծ արագությամբ ենք աշխատում, բայց մյուս կողմից էլ՝ օբյեկտիվ խոչընդոտներ կան՝ այդ ամենը հաշվառելու և տեղում հասկանալու:
Շատ դեպքերում այս դահլիճում բանաձև ենք ընդունում, ասում ենք՝ վայ, էս ի՞նչ լավ բան արեցինք, հետո գնում ենք, տեսնում, որ բանաձևը լավ չի աշխատում: Այս դեպքում մենք գնացել ենք, փորձել ենք տեղում, իրադրությանը ծանոթանալով, դուրս բերել բանաձև և հետո բերել Կառավարության նիստ: Հիմա մեր խնդիրն է, որ հնարավորինս արագ մենք այս աջակցությունը տեղ հասցնենք»:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նկատեց՝ կան տնտեսվարողներ, որոնք կարող են մտածել, որ բավարար չափով հատուցված չեն իրենց կրած կորուստների մասով:
«Եթե կլինեն դեպքեր, որ ընդհանուր բանաձևերը չարտացոլեն կոնկրետ տնտեսվարող սուբյեկտին, ապա մենք առանձին վերցված դեպքում կքննարկենք դրանք»,- ասաց փոխվարչապետը:
Նշենք, որ աջակցության համար հեղեղումներից տուժած տնտեսվարողները պետք է դիմեն էկոնոմիկայի նախարարություն օգոստոսի 25-ից հոկտեմբերի 15-ը: Դիմումներն ընդունվում են էլեկտրոնային փոստին: Մարզից Երևան գալու անհրաժեշտություն չի լինելու: