Ավարտվել են Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ իրականացված՝ նոտարների կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու ինստիտուտի ներդրման 7-ամսյա պրակտիկայի ամփոփմանն ուղղված եռափուլ քննարկումները, ինչի արդյունքում կձևավորվի միասնական պրակտիկա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը՝ ներկա լինելով եռափուլ վերապատրաստում-քննարկումներին՝ նշել է, որ նախարարությունը կարևորում է նոտարների կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու ինստիտուտի ներդրումը՝ որպես դատարանների բեռնաթափմանն ուղղված և հաջողված նախաձեռնություն: Նաև ընդգծվել է նախարարության պատրաստակամությունն իրականացված բարեփոխումների իրավակիրառ պրակտիկայի շրջանակում առաջացած իրավական և գործնական խնդիրների վերհանման և լուծման մասով:
Լիանա Թովմասյանը շնորհակալություն է հայտնել Բարձրագույն դատական խորհրդին և վերապատրաստումներին ներկա բոլոր դատավորներին՝ ինստիտուտի ներդրման և կայացման գործում ներդրած մեծ ջանքերի և շարունակական աջակցության համար, միաժամանակ ընդգծել Նոտարական պալատի և նոտարների պատրաստակամությունը նոր ներդրված ինստիտուտի կայացման ուղղությամբ: Ընդգծվել է նաև իրականացված եռափուլ վերապատրաստումների բարձր մասնագիտական արդյունավետությունը, ինչի արդյունքում հնարավոր կինի մի շարք խնդրահարույց հարցերի մասով ձևավորել միասնական նոտարական պրակտիկա:
Վերապատրաստումների շրջանակում, ի թիվս այլնի, քննարկվել են նոտարների կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու ինստիտուտի կիրառման առաջին յոթամսյակի ընթացքում արձանագրված մի շարք խնդիրներ՝ երաշխավորության, տուժանքների, ծանուցումների, ժամկետների, հաշվարկների վերաբերյալ, արձանագրվել են լուծման մեխանիզմները և հնարավոր օրենսդրական լուծումները:
Քննարկում-վերապատրաստումները կազմակերպվել են ԵԽ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է ԵՄ և ԵԽ կողմից՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում: