Փարիզի Օլիմպիական խաղերի ավարտը նշանավորում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պահանջած քաղաքական զինադադարի ավարտը, գրում է Euronews-ը։
Խորհրդարանի արտահերթ ընտրությա երկրորդ փուլից հինգ շաբաթ անց, երբ որևէ կուսակցություն չստացավ բացարձակ մեծամասնություն, Ֆրանսիայի քաղաքական գործիչները օրենսդրական փոխզիջում են փնտրում:
Երեքշաբթի կեսօրին հրաժարական տված վարչապետ Գաբրիել Ատալը նամակ է հղել տարբեր կուսակցությունների առաջնորդներին, բացառությամբ ծայրահեղ աջ և արմատական ձախակողմյան ուժերին: Նպատակը՝ գտնել օրենսդրական փոխզիջում և ստեղծել իշխող կոալիցիա։
«Նոր ժողովրդական Ճակատ» ձախակողմյան կոալիցիան, որն արտահերթ ընտրությունում ստացել է ամենաշատ տեղերը, առաջադրել է պետական ծառայող և տնտեսագետ Լյուսի Կաստեի թեկնածությունը։
Մակրոնը, սակայն, մերժել է այն՝ առաջացնելով բուռն արձագանք, քանի որ պատմականորեն վարչապետը պետք է լինի խորհրդարանում ամենաշատ տեղեր ունեցող կուսակցության ներկայացուցիչը։
Ըստ պատգամավորներից ստացված տեղեկությունների՝ նախագահը մտադիր է վարչապետի թեկնածու առաջադրել մինչև հաջորդ շաբաթվա վերջ։