Ուկրաինայի Զինված ուժերը կդադարեցնեն հարձակումը Կուրսկի շրջանում, երբ Ռուսաստանը համաձայնի «արդար խաղաղության» և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևի» պայմաններին, ասել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը «բացարձակ օրինական» է անվանել հանրապետության գործողությունները Ռուսաստանի սահմանամերձ շրջանում՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության իրավունքը։ Նրա խոսքով՝ իր երկիրը շահագրգռված չէ ռուսական տարածքների բռնակցմամբ, այլ ցանկանում է պաշտպանել իր քաղաքացիների կյանքը։ Բացի այդ, տվյալ օպերացիան նպատակ ունի բարդացնել Ռուսաստանի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովումը և թույլ չտալ նրանց լրացուցիչ ստորաբաժանումներ տեղափոխել Դոնեցկի մարզ։
Տիխին նշել է, որ Ուկրաինան ձգտում է բուֆերային գոտի ստեղծել Կուրսկի մարզում՝ պաշտպանելու իր բնակչությանն ու զինված ուժերը։ Միայն հունիսի սկզբից Ռուսաստանի զինված ուժերը Կուրսկի տարածքից ավելի քան 2 հազար հարված է հասցրել Սումիի շրջանին՝ օգտագործելով 255 կառավարվող ռումբ և 100-ից ավելի հրթիռ։