Եմենի կառավարությունը ՄԱԿ-ին կոչ է արել իր կազմակերպությունների կենտրոնակայանները Սանաայից տեղափոխել ժամանակավոր մայրաքաղաք Ադեն՝ կապված «Անսար Ալլահի» կողմնակիցների (հութիների) կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի վրա կատարված վերջին հարձակման հետ: Այդ մասին իր X-ի էջում գրել է Եմենի տեղեկատվության նախարար Մուամար Ալ Իրանին։ Նրա համոզմամբ՝ դա կապահովի մարդասիրական գործունեության անվտանգությունն ու կպահպանի աշխատակիցների կյանքը:
Եմենի նախարարը միջազգային կազմակերպությունների աշխատակիցների նկատմամբ հութիների գործողություններն անվանել է «իրադարձությունների վտանգավոր զարգացում»։ Նախարարի խոսքով, «վերջին տարիներին հութիների նկատմամբ միջազգային կազմակերպությունների ղեկավարության լոյալ վերաբերմունքը հանգեցրել է իրադարձությունների, երբ նրանք գրավում են միջազգային կազմակերպության կենտրոնակայանները, իսկ աշխատակիցներին վերաբերվում որպես լրտեսների և դավաճանների»։
Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հունիսին լրագրողներին ասել էր, որ հութիները երեք օրվա ընթացքում առևանգել են ՄԱԿ-ի 11 աշխատակցի։