Ուկրաինական զորքերը շարունակում են հարձակողական օպերացիան Ռուսաստանի Կուրսկի մարզի տարածքում, Սուջա քաղաքում, ավարտվել է «հակառակորդի որոնումն ու ոչնչացումը». Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին:
«Օրվա սկզբից զորքերը որոշակի ուղղություններով մեկից երկու կիլոմետր առաջ են անցել, Սուջա գյուղում հակառակորդի որոնումն ու ոչնչացումն ավարտվել է, չորեքշաբթի վաղ առավոտից ուկրաինական ուժերը Կուրսկի մարզում գերի են վերցրել ավելի քան 100 ռուս զինվորականի», - ասել է Սիրսկին:
Մինչդեռ «Ախմատի» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովն օգոստոսի 14-ին հայտարարել է, որ ուկրաինական զորքերը վերահսկողություն չեն հաստատել Սուջա քաղաքի նկատմամբ։ «Այնտեղ ամեն օր ակտիվ բախումներ են լինում, հակառակորդը չի կարող ասել, որ ամբողջությամբ վերահսկում է Սուջան», - ասել է նա:
Օգոստոսի 14-ին, OSINTtechnical նախագիծն էլ X սոցիալական ցանցում գրել է, որ ռուսական ուժերը «արագ» խրամատների ցանց են ստեղծում Կուրսկում՝ Ուկրաինայի հետ սահմանից 45 կիլոմետր հեռու:
Միաժամանակ, BBC-ի ռուսական ծառայությունը մի քանի հայտարարություն է հայտնաբերել «Կուրսկի շրջանում ապաստարաններ, խրամատներ, հակատանկային կառույցներ պատրաստելու համար» աշխատուժի որոնման վերաբերյալ: Նշվում է, որ խոսքը «պաշտպանության երկրորդ գիծ» ստեղծելու մասին է։ Աշխատանքի համար առաջարկվում է վարձատրություն ամսական մինչև 230,000 ռուբլի, երկու ամսվա համար մինչև 375,000 ռուբլի:
Իսկ Լիտվայի պաշտպանության նախարար Կասչյունասի տվյալներով ՝ Ռուսաստանը Կալինինգրադի մարզից զորքերի մի մասը տեղափոխում է Կուրսկի մարզ, որտեղ արդեն մեկ շաբաթից ավելի շարունակվում է ուկրաինական բանակի հարձակումը։