Իրանը չի դիտարկում իր մասնակցությունը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի ռեժիմի միջև հրադադարի անուղղակի բանակցություններին, որոնք անցկացվում են Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի աջակցությամբ, հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությանը։
AP-ն նշում է, որ հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները դրդում է հրադադարի հաստատմանը՝ հուսալով, որ նման գործարքը կխանգարի Իրանին և նրա դաշնակիցներին հարվածել Իսրայելին՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի և Բեյրութում «Հեզբոլլահի» հրամանատար Ֆուադ Շուքրի սպանություններին:
The National-ն էլ, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Եգիպտոսի և Կատարի միջնորդներին հասանելի տեղեկության համաձայն, Իրանը, «Հեզբոլլահը» Լիբանանում և Եմենի հութիները կարող են հարձակվել Իսրայելի վրա, եթե Գազայի հատվածում զինադադարի վերաբերյալ բանակցությունների ներկա փուլում որևէ շոշափելի առաջընթաց տեղի չունենա:
Միաժամանակ, պարբերականի զրուցակիցները պնդել են, որ ՀԱՄԱՍ շարժումը նպատակ ունի բոյկոտել բանակցությունները։ Մինչ այդ ՀԱՄԱՍ-ը ծրագրել էր միանալ իրենց, սակայն հետո բանակցողներին կոչ է արել ծրագիր կազմել, թե ինչպես կատարել արդեն համաձայնեցված պայմանները, այլ ոչ թե շարունակել երկխոսությունը կամ առաջադրել նոր պայմաններ։ Աղբյուրներից մեկը հստակեցրել է. «Այս շաբաթ բանակցություններում առաջընթացի քիչ հույսեր կան, քանի դեռ Իսրայելը նախկինի պես պնդում է, որ պատերազմը շարունակելու է մինչև ՀԱՄԱՍ-ի ջախջախումը, ինչը խաթարում է միջնորդների ջանքերը»: