ՆԱՍԱ-ի գիտնականներն առաջին անգամ Մարսի վրա հեղուկ վիճակում ջուր են հայտնաբերել։ Այն գտել են մոլորակի մակերեսի տակ մեծ խորությամբ, գրում է BBC-ն։
ՆԱՍԱ-ի Mars Insight Lander զոնդի հավաքած տվյալների վերլուծությունից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ Մարսի ընդերքի խորքում հեղուկ ջրի «պղպջակ» կա:
Ավելի վաղ հարևան մոլորակի վրա ջուր արդեն հայտնաբերվել էր, բայց ոչ հեղուկ վիճակում, այլ բևեռներում՝ սառույցի և մթնոլորտում՝ գոլորշու մնացորդների տեսքով։
Վերլուծությունը ցույց է տվել, որ ջուրը գտնվում է Մարսի մակերեսի տակ՝ 10-ից 20 կիլոմետր խորությամբ։
Այս հայտնագործությունը, ըստ պրոֆեսոր Մայքլ Մանգայի, հարց է առաջացնում, թե «Ու՞ր է անհետացել Մարսի ջուրը»:
Մոլորակի մակերեսն ուսումնասիրող գիտնականները վաղուց եկել են այն եզրակացության, որ ժամանակին այնտեղ ջուր է եղել՝ մակերեսին գետերի և լճերի հետքեր կան։ Սակայն վերջին երեք միլիարդ տարվա ընթացքում այն անապատ է եղել։
Ենթադրվում է, որ ջրի մի մասը գոլորշիացել է, բայց մի մասն էլ, ըստ երևույթին, մնացել է մակերեսի տակ:
Գիտնականները կարծում են, որ ջրի շատ հանքավայրեր կան Մարսի վրա։ Եվ եթե իսկապես այդպես է, ապա, ըստ նրանց հաշվարկների, այդ անտեսանելի հանքավայրերում եղած ջուրը կարող է մեկուկես կիլոմետրից ավելի հաստությամբ ջրի շերտով ծածկել Մարսի ամբողջ մակերեսը, որը փոքր է Խաղաղ օվկիանոսի տարածքից:
Գիտնականները ենթադրում են, որ «եթե Մարսի վրա պոտենցիալ բնակելի վայրեր կան, դրանք կարող են լինել մակերեսի խորքում»: