Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի: Նախկինում՝ Խորհրդային Միության տարիներին, սեյսմիկ վտանգը ՀՀ ամբողջ տարածքի համար թերագնահատված է եղել, շենքերը կառուցվել են ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար: Այսինքն՝ ունենք 8, 9 և 10 բալանոց գոտիներ, մինչդեռ շենքերի, բնակֆոնդի մեծ մասի կառուցապատումն իրականացվել է 7 և 8 բալի համար: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում հնարավոր երկրաշարժի դեպքում հնարավոր հետևանքներին:
«Եթե մենք ունենանք 9 բալանոց երկրաշարժ՝ համարելով, որ Երևանը 8 բալանոց գոտում է, մենք կունենանք հետևանքներ»,- ասաց նա:
Երևանի համար կա երկու խզվածք. մեկը Երևան քաղաքի հյուսիսարևմտյան մասում է, մյուսը Գառնիի խզվածքն է, որը շատ մոտ է Երևանին:
«Երևանի խզվածքի պոտենցիալը համեմատաբար փոքր է, քան Գառնիի խզվածքինը: Գառնիի խզվածքում մենք 1726 թվականին 7,3 մագնիտուդով երկրաշարժ ունեցել ենք:
Երևանյան խզվածքը չնայած ավելի մոտ է, հենց անցնում է Երևանի միջով՝ արվարձաններով, բայց ավելի փոքր պոտենցիալ ունի»,- ասաց նա: